Բյուրականի աստղադիտարանը՝ տարածաշրջանային կենտրոն (տեսանյութ)
Բյուրականի աստղադիտարանը հռչակվել է տարածաշրջանային աստղագիտական կենտրոն։ Մինչ այս մասին խոսելը Բյուրականի աստղադիտարանը տարածաշրջանային կենտրոն հռչակելու ծրագրի նախաձեռնող, ղեկավար Արեգ Միքայելյանը ցավով նշեց, որ մեր հասարակության մեջ գիտությունը իր դիրքերը զիջել է։ Կարծում է, որ դրա պատճառը թե՛ իշխանություններից է գալիս, թե՛ կյանքի պայմաններից։ Նշում է, որ Հայաստանում թե՛ գիտությունը, եւ թե՛ գիտնականները առաջին դիրքերում չեն։ Բայց գիտությունը շատ ավելի հարցեր կարող է լուծել, քան քաղաքական գործիչները, քանի որ ոչ մի այլ ոլորտում Հայաստանը չի կարող ճանաչվել տարածաշրջանային կենտրոն. «Հայաստանը իր աստղագիտությամբ զարգացած է եղել տարածաշրջանում։ Հարեւան երկրներից գրեթե ոչ մեկը չէր համաձայնվում աջակցության նամակ տրամադրել, որը պարտադիր պայման էր։ Ի վերջո Վրաստանից եւ Իրանից ստացանք այդ նամակները, այսինքն՝որ նրանք Համաձայն են, որ Հայաստանը ճանաչվի կենտրոն։ Մեր հիմնավորումներն այնքան ուժեղ էին, որ չէին կարող մեզ չդարձնել կենտրոն»,–ասաց Արեգ Միքայելյանը։ Այս նախաձեռնությունը 5 տարվա պատմություն ունի։ 3 տարի քննարկվել է հայտը։ Երկրորդ փուլով պետք է աշխատեն հարեւան երկրների հետ։ Հնարավոր է, որ Թուրքիան եւս միանա այդ կենտրոնին։ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը և Բյուրականի աստղադիտարանը տարածաշրջանային կենտրոն հռչակելու ծրագրի նախաձեռնող, ղեկավար Արեգ Միքայելյանը հավելեցին, որ պետության աջակցությունը լավ կլիներ շատ ավելի լուրջ լիներ. «Անհասկանալի կլինի, որ պետությունը անտարբեր թողնի սա։ Այսինքն՝Հայաստանը առաջատար է դառնում ու պետք է իշխանությունները հետեւողական լինեն։ Սա երկարատեւ ծրագիր է. եթե մենք ձախողենք այս ծրագիրը, հարեւան երկիրը կարող է առաջատար լինել։ Պատվի հարց է պահել այս գրասենյակը»,–եզրափակեց Արեգ Միքայելյանը։