Հայոց եկեղեցու գույքի իրավական փաստաթղթերը՝ օսմաներեն լեզվով (տեսանյութ)
Հայաստանի ազգային արխիվը՝ Ֆրանսիայի դեսպանատան հետ համատեղ, առցանց թանգարան կստեղծի։ Ծրագիրը 2 շաբաթ առաջ է պատրաստվել։ «Ֆրանսիայի ֆինանսավորմամբ ու մեր մարդկային ռեսուրսով կկարողանանք այս աշխատանքն իրականացնել»,-նշեց արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը։ Եվս մեկ նորություն. աշնանը հրատարակվելու են հայոց եկեղեցու գույքի իրավական փաստաթղթերը՝ օսմաներեն լեզվով։ Այնուհետ նախատեսվում է թարգմանել դրանք հայերեն և անգլերեն։ «Սեպտեմբեր ամսին, ինչպես գիտեք, մյուռոնօրհնություն է լինելու, և այդ առթիվ էլ փաստաթղթեր կհրատարակենք»,-հայտնեց պարոն Վիրաբյանը։ Ազգային արխիվի տնօրենը նաև նշեց, որ չի դադարում փաստաթղթերի թվայնացման գործընթացը։ «Սա տարիների աշխատանք է։ Կան փաստաթղթեր, որոնք 50 տարին մեկ են հետաքրքրություն առաջացնում։ Մենք առաջնահերթ այն փաստաթղթերով ենք զբաղված, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում։ Դրանք են մարդահամարի տվյալները, մարդկանց ծագման մասին նյութերը, տոհմածառի վերաբերյալ, եկեղեցու չափաբերական մատյանները՝ ծնունդ, կնունք»։ Թվայնացումն ազգային արխիվը սկսել է 2010 թվից։ Միայն այս տարի թվայնացվել է մոտ 100.000 փաստաթուղթ, իսկ ընդհանուր առմամբ՝ մոտ 1 մլն։ Բայց արխիվում առկա նյութերի քանակը շուրջ 350 մլն է։