Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իսլամական պետությունը կարող է սպառնալ ռուսաստանաբնակ հայերին» (տեսանյութ)

Քաղաքականություն
Islamakan

Հունիսի 29-ին լրացավ Իսլամական պետության ստեղծման մեկ տարին։ Այս ընթացքում այն հասցրել է աշխարհի տարբեր հատվածներում մոտ 35 վիլայեթ ստեղծել։ «Որքան էլ հայտարարում են, թե հաջողվել է այդ կառույցին ճնշել, բայց տեսնում ենք ընդլայնում»,-նշում է արաբագետ Սարգիս Գրիգորյանը։ Կարծում է, որ իսլամիստ-ծայրահեղականները վաղուց որոշակի նշաձող են սահմանել իրենց համար, որը պետք է փորձեն պահել կառույցի բոլոր անդամները։ «Իսլամական պետությունը իսլամիստ-ծայրահեղականների նոր սերունդն է»,-վստահ է նա։ Քրիստոնյաները կարող են գլխահարկ վճարել և շարունակել դավանել իրենց կրոնն այդ պետության շրջանակում։ «Պենտագոնը հայտարարում է, թե հաջողվել է Իրաքում զավթված տարածքների 25 տոկոսը վերադարձնել։ Գուցե դա այդպես է, բայց նույնը չենք կարող ասել Սիրիայի մասին։ Իսլամական պետության դերակատարությունը զգալի ազդեցություն ունի նաև այս օրերին քննարկվող Իրանի միջուկային հիմնախնդրի հարցում»,-իր հերթին շեշտեց արաբագետ Արմեն Պետրոսյանը։ Նա կարծում է, որ Իսլամական պետության ազդեցությունը կարող է հասնել նաև ռուսաստանաբնակ հայերին։ «Կրասնոդարի մարզում և այլ հատվածներում մեծաթիվ հայեր են ապրում։ Թեկուզ միայն սարսափի մթնոլորտը կարող է տեղի հայության մոտ խուճապ առաջացնել»։ Այդ կառույցի հասցրած վնասներն, ըստ նրա, քաղաքակրթական նշանակություն ունեն։ Եվ բազմաթիվ վայրերում, այդ թվում Սիրիայում, վնասներն ահռելի են։ «Իսլամիստ-ծայրահեղականները Հալեպից հեռու են։ Բայց այնտեղ ոչ պակաս վտանգավոր խմբավորումներ կան։ Քրիստոնյաները, հատկապես՝ հայերը, վտանգված են։ Սա պետք է հայտարարվի և պատրաստ լինենք հնարավոր զարգացումներին»,-եզրափակեց արաբագետը։