«Ոստիկանապետին վարձել ենք, որ մեզ ծառայություն մատուցի». Զ. Փոստանջյան (տեսանյութ)
Այս տարվա հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյան ընտանիքի անդամների սպանդի մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործը Հայաստանին հանձնելը ԱԺ Ժառանգություն խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը համարում է հասարակությանը մոլորեցնելու քայլ. «Պահանջը մինչ այսօր էլ պարզ չէ, թե ի՞նչն են հանձնելու, գործի ո՞ր մասն են հանձնում: Սա հանրության տրամադրությունները ամբողջ գործընթացից շեղելու համար է»: Նրա խոսքերով՝ առանց մեղադրյալի արդար դատավարություն հնարավոր չէ իրականացնել: «Անհիմն հայտարարություն են արել, ՀՀ սահմանադրությունը, միջազգային պայմանագրերը կոպտորեն խախտված են: Եթե Պերմյակովը գտնվում է 102-րդ ռազմաբազայում, պետք է գնան, նրան ձերբակալեն եւ հանձնեն ՀՀ իրավապահ մարմիններին: Ուղղակի հայտարարել, որ գործին լուծում է տրվելու, դա խաբեբայություն է»,- նշեց ԱԺ պատգամավորը: Հիշեցնենք, որ Գյումրիում այս տարվա հունվարի 12-ին Ավետիսյան ընտանիքի 7 անդամները դաժանորեն սպանվեցին, եւ գործով միակ մեղադրյալը Վալերի Պերմյակովն է: ԱԺ պատգամավորն այսօր անդրադարձավ նաեւ Բաղրամյան պողոտայում ծավալվող դեպքերին՝ հատկապես հունիսի 23-ին ոստիկանների կողմից խաղաղ ցուցարարների վրա բռնություն գործադրելուն: Զարուհի Փոստանջյանը ոստիկանության գործողությունները համարեց օրենքից դուրս. «Մինչ այս պահը չունենք որեւիցե անձ, որ կանչվի պատասխանատվության, ապօրինի էր թե տրված հրամանը եւ թե խաղաղ բողոքի ցույցի անձանց բերման ենթարկելը»: Նրա խոսքերով՝ ոստիկաններն այժմ ցուցարարների նկատմամբ բռնություն չեն գործադրում, որովհետեւ հրաման չունեն: Ինչ վերաբերում է Բաղրամյան պողոտայում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի պահվածքին, ապա, Զարուհի Փոստանջյանի խոսքերով, ոստիկանապետը չի հասկանում, որ գտնվում է պետական ծառայության մեջ. «Պետական պաշտոնյան պետք է գիտակցի, որ չի զբաղվում մասնավոր ձեռնարկատիրությամբ, եւ այո ծառա է, մենք իրեն վարձել ենք, որ մեզ ծառայություն մատուցի»,- եզրափակեց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: