Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԴ-ն ՀՀ-ին էներգակիրներն արտոնյալ գներով է մատակարարում. Սոկոլով

Պաշտոնական
կա

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստը: Հովիկ Աբրահամյանն արդյունավետ աշխատանք է մաղթել նիստի մասնակիցներին և խոսքը փոխանցել Մաքսիմ Սոկոլովին: Իր ելույթում ՌԴ տրանսպորտի նախարարը նշել է, որ նախորդ նիստից հետո մեծածավալ աշխատանք է կատարվել, և միջկառավարական հանձնաժողովի նիստը լավ հնարավորություն է՝ կառուցողական մթնոլորտում երկկողմ համագործակցության օրակարգի հարցերը և զարգացման առաջնահերթությունները քննարկելու համար: Մաքսիմ Սոկոլովն ընդգծել է, որ 2014 թվականն անկյունաքարային տարի էր հայ-ռուսական միջպետական հարաբերություններում, քանի որ Հայաստանն անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը: «Հենց այդ պահից սկսած մեր երկու երկրների միջև համագործակցությունը որակապես նոր փուլ թևակոխեց, քանի որ Հայաստանի գործարարները հնարավորություն ստացան մուտք գործել պաշտպանված և ծավալուն՝ 170 միլիոնանոց շուկա, որի շրջանակում երաշխավորված է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը», - նշել է պարոն Սոկոլովը՝ հավելելով, որ դա կնպաստի ներդրումների աճին և Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ծրագրերի իրականացմանը: Նրա խոսքով՝ շարունակական նպատակային աշխատանք է տարվում ԵԱՏՄ շրջանակում բեռնափոխադրումների հեշտացման, օդային հաղորդակցության ազատականացման ուղղությամբ, ակտիվ զարգանում է երկկողմ համագործակցությունը ֆինանսական, միջազգային ավտոմոբիլային փոխադրումների և երկաթուղային հաղորդակցության ոլորտներում: Մաքսիմ Սոկոլովը նշել է, որ ՌԴ-ն հետևողականորեն համապարփակ օժանդակություն է ցուցաբերում Հայաստանի տնտեսությանը, այդ թվում՝ էներգակիրներն արտոնյալ գներով մատակարարելով: «Մեր համագործակցությունը գործնականում բոլոր ոլորտներում շատ բարձր մակարդակի վրա է: Վերջին շրջանում ստորագրվել է 11 միջկառավարական համաձայնագիր, այդ թվում՝ միջուկային անվտանգության ոլորտում համագործակցության, ԵԱՏՄ-ին անդամակցության շրջանակում ՀՀ-ին տեխնիկական և ֆինանսական օժանդակության տրամադրման, գազի, նավթամթերքի, չմշակված ադամանդների մատարակարարման և այլն: Հայաստանի ատոմային էլեկտրակայանի երկրորդ բլոկի շահագործման ժամկետի երկարացման համաձայնագրի շրջանակում ՌԴ «Ռոսատոմ» ատոմային էներգիայի հարցերով պետական կորպորացիան արդեն սկսել է համապատասխան աշխատանքները», - նշել է ՌԴ տրանսպորտի նախարարը և համոզմունք հայտնել, որ այսօրվա նիստում ընդունվող որոշումները կնպաստեն փոխշահավետ տնտեսական համագործակցության խորացմանը, մշակութային, գիտական, կրթական կապերի զարգացմանը և հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը: Նիստի ավարտին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն ստորագրել են ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստի արձանագրությունը: