Որքան գումար են կուտակել Երվանդ Զախարյանն ու Արթուր Բաղդասարյանը (տեսանյութ)
«Ոստիկանությունը պաշտպանում էր ոչ թե հասարակ քաղաքացու, այլ մասնավոր ընկերության շահերը»,- ընդդեմ էլէկտրաէներգիայի թանկացման ակցիայի ընթացքում ոստիկանների պահվածքն այսպես է գնահատում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Նա առաջարկում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի կուտակած պարտքը վերցնել Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանից։ «Զախարյանը, տարբեր տվյալներով, մոտ 600 մլն դոլար կարողություն է կուտակել: Նրանից թող վերցնեն այդ գումարը»։ Բացի այդ, պարոն Իսագուլյանը հիշատակում է Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանին. «Նա էլ, ինչպես շատերն են պնդում, մոտ 300 մլն դոլար կարողության է տիրապետում»: Գործիչը վստահեցնում է, որ անձամբ գիտի ՀԷՑ-ի որոշ չարաշահումների մասին։ Ասում է՝ սկսած բաժակներից մինչև բետոնե հենասյուներ նրանք ահռելի, անտեղի գումարներ են ծախսել։ «Ընկերներիցս մեկն ասում էր, որ Հայաստանում ամենաշահութաբեր բիզնեսներից մեկն է ՀԷՑ-ին հենասյուներ տրամադրելը։ Նրանք դրա համար ահռելի գումարներ են դուրս գրել»։ Օրեր շարունակ բողոքի ցույց անող երիտասարդներից պարոն Իսագուլյանը գոհ է։ «Սրանք այն մարդիկ են, ովքեր կոփվել են մութ ու ցուրտ տարիներին և նրանց ջրցան մեքենաներով չես վախեցնի: Նրանք մինչև վերջ գնացող երիտասարդներ են, և կուզեի, որ սա մեր իշխանությունը հաշվի առներ»: Մի հարցում քաղաքական գործիչը վստահ է. «Եթե մեր պաշտոնյաներն իրենց ճիշտ պահեին, Բիբինը սողեսող կգար նրանցից յուրաքանչյուրի պահանջի ետևից»: