Կրեմլը հուսով է, որ Հայաստանում տարաձայնությունները կկարգավորվեն. Ազատություն
Կրեմլում հույս ունեն, որ Հայաստանում տարաձայնությունները շուտափույթ կկարգավորվեն, ինչպես նաև, որ երկրում խաղաղություն կհաստատվի և այն կբարգավաճի։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Մենք հույս ունենք, որ Հայաստանի գործող օրենսդրության սահմաններում կգտնվեն բոլոր հարցերի պատասխանները։ Մենք Հայաստանին մաղթում ենք հանգստություն, բարգավաճում և առկա տարաձայնությունների շուտափույթ կարգավորում », - ասել է Պեսկովը։ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, պատասխանելով Հայաստանի ղեկավարության հետ որևէ շփումների մասին հարցին՝ Պեսկովն ընդգծել է, որ Մոսկվան ու Երևանը «սերտ և գործընկերային հարաբերություններ ունեն և միասին մասնակցում են ինտեգրացիոն գործընթացների։ Այդ շփումները մշտապես առկա են»։ Կրեմլի ներկայացուցիչը, սակայն, չի պատասխանել իրավիճակի զարգացման կանխատեսումների մասին հարցին. - «Մենք կանխատեսումներով չենք զբաղվում»։ Միջազգային հարցերով Ռուսաստանի դաշնային խորհրդի կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը, իր հերթին, չի բացառում, որ Երևանում բողոքի ակցիաների հետևում կարող են կանգնած լինել արտասահմանյան հասարակական կազմակերպությունները։ «Կասկած չկա, որ այն դեպքերում, երբ անհրաժեշտ է այս կամ այն երկրում ապակայունացնել իրավիճակը, հասնել օրինական, բայց տվյալ պետություններին ոչ հավատարիմ ռեժիմի հեռացմանը, միջազգային հասարակական կազմակերպությունները ֆինանսավորում են ստանում արտասահմանից և ակտիվորեն օգտվում են դրանից»։ Նա նաև ընդգծեց, որ Հայաստանը ապահովագրված չէ «գունավոր հեղափոխությունից» և չի բացառել, որ Երևանում տեղի ունեցողիրադարձությունները կարող են տեղափոխվել քաղաքական դաշտ։ Շարունակությունը կարդալ սկզբնաղբյուր կայքում