Տ. Ուրիխանյանը տուպիկի մե՞ջ է դրել փոխնախարարին (տեսանյութ)
ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկեց եւս մեկ վարկային համաձայնագիր, այս անգամ ՀՀ եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ այս տարվա ապրիլի տասնչորսին ստորագրված «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության՝ չորրորդ հերթի, նախագծի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների ներդրումային վարկի մասին»: Վարկը ներկայացնում է Տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը: Նա նշեց, որ քննարկումներ է ունեցել պատգամավորների հետ, լսել նրանց կարծիքները: Ծրագրով նախատեսվում է 150 մլն դոլար Ագարակ-Քաջարան ճանապարհահատվածի համար: ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն արձագանքեց հետեւյալ կերպ. «Երբ պատգամավորների հետ խոսում եք, նրանք ձեզ տուպիկային վիճակի են բերում, պետք չէ հետո հրավիրել կաբինետային քննարկման»: Ի պատասխան փոխնախարարը նշեց, որ պատգամավորները կառավարության ներկայացուցչին տուպիկի մեջ չեն կարող դնել, քանի որ իրենց նախարարության պատասխանները Հյուսիս-Հարավ ճանապարհահատվածի համար միշտ հստակ է եղել. «Ես հրավիրեցի աշխատասենյակ ընդամենը եղած կարծիքը մասնագիտորեն քննարկելու համար՝ հիմնված ցուցանիշների վրա, որոնք հազարավոր էջեր են կազմում ու հնարավոր չէր ամբողջությամբ քննարկել ԱԺ դահլիճում: Ցավոք, դուք ներկա չէիք մինչ այդ տեղի ունեցած խորհրդարանական լսումներին»: Տիգրան Ուրիխանյանն իր հերթին մի շարք դիտողություններ արեց իր հարցերին փոխնախարարի պատասխանների վերաբերյալ. «Դուք պետք է իմանայիք, որ ես հայտնի եմ մտքի ու բանավոր խոսքի շատ ճիշտ ձեւակերպումներով, եւ այդ պատճառով ուզում եմ ձեզ տեղեկացնեմ, որ ես իմ հարցերի մեջ չեմ նշել թափանցիկության մասին: Եթե ես չեմ եղել այդ քննարկումներին դահլիճում, դրա համար էլ հիմա եմ ձեզ ուղղում բոլոր հարցերը»: