Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փնտրվում է Սերժ Սարգսյանի իրավահաջորդը

Քաղաքականություն
1b1c6ec9935ea2e46cc49ab117ef1eb2

«Այն, որ լրատվամիջոցների 99 տոկոսը գտնվում է իշխանության ձեռքի տակ, նաեւ այսօրվա ասուլիսն է ցույց տալիս»,- այսօր իր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը` տեսնելով, որ ասուլիսին միայն «Ա1+»-ն է ներկա: Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին` պարոն Հարությունյանը հայտարարեց, որ այսօր Հայաստանում փնտրվում է Սերժ Սարգսյանի իրավահաջորդը. «Նա փնտրում է մեկին, ով կգա ու չի պահանջի նրանից հետ բերել ամբողջ տարածը: Այդ իրավահաջորդի հարցը լուծած չէ, քանի որ Հայաստանում մարդ չկա, որ այդ բեռը իր վրա վերցնի, դրա համար Սերժ Սարգսյանը գնում է սահմանադրական բարեփոխումների, որպեսզի գոնե իր ժամկետները ավելացնի»: Վերջերս, որպես Սերժ Սարգսյանի իրավահաջորդ, շահարկվում է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անունը. Արամ Հարությունյանը կարծում է, որ նման բեռ իր վրա Օհանյանը չի ցանկանա վերցնել. «Նորմալ մարդը նման բեռ իր վրա չի վերցնի ու ուրիշների կերածը չի փակի»: Իսկ ո՞վ կարող է գալ ու դուրս բերել երկիրը այս վիճակից. «Ա1+»-ի հարցին պարոն Հարությունյանը պատասխանեց. «Երկիրը սնանկացման եզրին է, մենք այդ պարտքերի դիմաց շուտով կորցնելու ենք անկախությունը: Այս ամենը կարող է հաղթահարել, այն քաղաքական ուժը, որը գործարքի մեջ չի լինի Սերժ Սարգսյանի հետ, նրա թիկունքում միայն ժողովուրդը պետք է լինի»: Արամ Հարությունյանը անուն տալ չցանկացավ, բայց հավաստիացրեց, որ նման մարդիկ ու քաղաքական ուժեր երկրում կան. «Կարծում եք, որ Հայաստանի փրկությունը Գագիկ Ծառուկյա՞նն է, Լեւոն Տեր-Պետրոսյանն է կամ Վազգեն Մանուկյա՞նը, չէ, խնդիրը մարդիկ չեն, խնդիրը գաղափարախոսությունն է»: Խոսելով նորաստեղծ կուսակցություններ մասին՝ Արամ Հարությունյանը կասկած հայտնեց, որ նրանք կկարողանան հասնել իրական իշխանափոխության՝ հավելելով. «Տիգրան Ուրիխանյանը, օրինակ, փետրվարյան իրադարձություններին չի արձագանքում ու կարծես նոր էջա բացել, ինքը հաստատ ինձնից շատ բան գիտի, բայց լռումա: Նա պիտի պատմեր այդ ժամանակ ինչա եղել, ինչ ճնշումներ են եղել, եթե չի ասում, ուրեմն մի բան էն չի: Նիկոլ Փաշինյանն էլ ժամանակին եղելա ՀԱԿ-ի կազմում, բայց չեն խոսում՝ ինչա եղել, իսկ եթե չեն խոսում` ուրեմն ինչ-որ բան էն չի»: «Ա1+»-ի հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է նա Ռոբերտ Քոչարյանի վերադարձը, Արամ Հարությունյանը պատասխանեց. «Հնարավոր համարում եմ, բայց նա էլ եթե գա, պիտի պատրաստ լինի Սերժ Սարգսյանի տարածը հետ բերել»: Խոսելով Էլէներգիայի սակագնի բարձրացման մասին՝ Արամ Հարությունյանը ասաց. «Ժողովուրդը պետք է ըմբոստանա, իրենք կարող են Բիբինին դարձնել Բոբո, բայց մենք հիշում ենք, որ ընդդիմության ներկայացրած տասներկու կետերի մեջ կար «Որոտան» ՀԷԿ-ի հարցը: Իշխանությունը ջախջախելով ընդդիմությանը՝ վաճառեց «Որոտան» ՀԷԿ-ը, եւ բոլորս էլ գիտենք, որ այդ վաճառքը կապված է Միքայել Մինասյանի անվան հետ, ուղղակի ընկերության դա չէին վաճառի»: