Փառատոնի բացման համերգի անակնկալը Պերգոլեզիի գլուխգործոցն էր (տեսանյութ)
Բազմատեսակ փառատոնների շարքում «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը սկզբունքորեն առանձնանում է թե ընտրված ծրագրով, թե հանդես եկող մենակատարների ընտրությամբ: Ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում անցկացվող համերգ-երեկոներից յուրաքանչյուրը բարձր արվեստի հետ հաղորդակցվելու տոն է իրական երաժշտասերների համար: Այս տարվա փառատոնի բացման համերգի անակնկալը Պերգոլեզիի գլուխգործոցն էր`«Ստաբատ Մատերը»՝ օպերային թատրոնի մեներգչուհիներ Արծվիկ Դեմուրչյանի, Քրիստինե Սահակյանի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի հրաշալի կատարմամբ: Որմնանկարների սրահում հնչեց նաև Սվետլանա Նավասարդյանի անզուգական նվագը: Փառատոնն այս տարի նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, կներկայանա 5 համերգով, որից թերևս ամենայուրահատուկը բայանահար Իոսիֆ Պուրիցի ելույթն է լինելու: