Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ասում էիք՝ օգուտներ ենք ստանալու ԵՏՄ-ից, հիմա հակառակ գործընթացն է» (տեսանյութ)

Քաղաքականություն
MHM72254-copy

ԱԺ արտահերթ նիստում այսօր «Ակցիզային հարկի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունների քննարկմանը անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նեղսրտած հայտարարեց. «Այս նեղ մաջալին ի՞նչ իմաստ ուներ նման թանկացումներ բերել, մանավանդ տեղական արտադրողներին մեծ վնաս է հասցվելու, հատկապես, երբ ԵՏՄ շրջանակներում մեծ քանակություններով ներմուծվում է ռուսական օղի: Ունե՞ք ուսումնասիրություններ, թե ինչ ազդեցություն կունենա այս նոր հարկային բեռը տեղական շուկայի վրա: Գնահատվե՞լ է ազդեցությունները, քանի որ հնարավոր է աշխատատեղերի կորստի խնդիր ունենանք, դոմինոյի էֆեկտ լինի, թանկանա նաեւ հանրային տրանսպորտը»: Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը վստահեցրեց, որ տեղական արտադրողը ներմուծողի նկատմամբ ավելի շահեկան վիճակում է լինելու այսպիսով: Էդմոն Մարուքյանը ի պատասխան նկատեց, որ սփոփանք չէ այն, որ հարկային բեռը հաջորդ տարվանից է կիրառվելու. «Ավելի շուտ էլ հնարավոր չէր, քանի որ հարկային նոր բեռ է: Մարդիկ ուղղակի սարսափած են, ասում են՝ առանց այն էլ հիսուն տոկոսով շրջանառությունն ընկնում է, ինչպես կարելի է նոր հարկային բեռ ավելացնել: Եթե ասում եք ազդեցություն չի լինի, ապա ինչո՞ւ են մարդիկ սարսափած»: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը նկատեց, որ այս նախագծի տրամաբանությունը մեր տնտեսությանը հակասում է. «Թե ինչու եք բերել այս բեռը, չեմ հասկանում: Ես ձեզ մեղադրանք եմ ներկայացնում՝ ընդունեք, որ դուք սպասարկում եք բենզին ներկրողների շահերը, խրախուսում դրանց իրացումը: Այդ դեպքում՝ ո՞ւր է գարեջուրը, ինչո՞ւ այն չի թանկանում, թե այն մեր ռազմավարական ոլորտներից է, դրա համար չեք ներառել: Այս նախագիծը առհասարակ չպետք է քննարկման առարկա դարձնել, քանի որ բացասական սպասումներ են ձեւավորում, ԵՏՄ-ով մի հիմնավորեք: Ասում էիք՝ օգուտներ ենք ստանալու ԵՏՄ-ից, հիմա հակառակ գործընթացն է»: Վախթանգ Միրումյանն ընդունեց, որ մեզ մոտ գարեջրի դրույքաչափն ավելի բարձր է, քան ԵՏՄ-ում: Արծվիկ Մինասյանը ի պատասխան նշեց. «Պարոն Միրումյան, դուք լավ տնտեսագետ եք ախր, ու գիտեք՝ մեր տնտեսության մեջ հարկային բեռ մտցնելն ինչ է նշանակում: Ո՞նց եք մի բան ասում, որի վրա դուք էլ վստահ չեք»: Իսկ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը եւս միացավ Արծվիկ Մինասյանին՝ ասելով. «Պարոն Միրումյան, դուք այնքան էլ անկեղծ չեք հարցը ներկայացնելիս: Խնդիրը շղթայական ազդեցության մեջ է լինելու»: ՀՀԿ պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նախ հայտարարեց, որ իրենք բախտ չեն ունեցել իրենց հանձնաժողվում քննարկելու այս հարցը եւ ըստ այդմ, ուզում է հասկանալ՝ շրջանառության ի՞նչ ծավալ կարող է կրճատվել. «Ես վստահ եմ, որ այս նախագիծն ազդելու է գների բարձրացման վրա: Լավ եք անում՝ հարկային բեռ եք ավելացնում, սակայն որտե՞ղ եք ծախսելու այս գումարները, այդ ինը միլիարդ դրամ հավելյալ մուտքը պետական բյուջե, ո՞ր ուղղություններով ենք դնում այն»: Վախթանգ Միրումյանի պատասխանը շոկային էր. «Մենք ունենք դեռեւս սոցիալական խնդիրներ ու տնտեսական տարբեր ճյուղեր զարգացնելու խնդիր: Եկած փողը նպատակային ծախսելու քաղաքականություն չունենք, կներառենք միջնաժամկետ ծրագրերում»: