Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հատուկ մեսիջներ Մոսկվային

Քաղաքականություն
3f995362ab34aebfba371d7bf1590e9a

Արևմուտքը որոշել է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, ինչը ցույց է տալիս, որ կամ նախկինները չեն տվել ցանկալի արդյունք, կամ էլ հակառակը՝ արդեն տեսանելի են ռուսական տնտեսական այն ճեղքերը, որոնք ժամանակի ընթացքում սկսելու են լուրջ խնդիրներով լցվել: Կարծում է քաղաքագետ Արման Սահակյանը։ «Սա ավելի շատ գնահատողական մոտեցում է, թե ինչ է շահել Արևմուտքը կամ ինչ կորցրել Ռուսաստանը, կամ գուցե ինչ է կորցրել հենց Արևմուտքը: Ինչպես ասում են՝ քաղաքականությունն ինտերպրետացիոն երևույթ է: Սակայն հատկանշական է մեկ այլ բան, որ Միացյալ Նահանգներում Եվրամիության դեսպան Դեյվիդ օ'Սալիվանը հայտարարել է, թե Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում արտաքին քաղաքականության համաձայնեցում չի ակնկալում կառույցի անդամակցությանը հավակնող պետություններից, այդ թվում՝ «Արևելյան գործընկերության» անդամ երկրներից»,- ասում է քաղաքագետը։ Բանականաբար, ըստ քաղաքագետի, այս երկրները պարտավորություն էլ չունեն համաձայնեցնելու իրենց արտաքին քաղաքականությունը ԵՄ հետ: Արտաքին ու անվտանգության հարցերով առկա է մշակված փոխհամաձայնեցված քաղաքականություն միայն ԵՄ անդամ երկրների համար, որտեղ ներառված չեն գործընկեր երկրները: Ուստի տվյալ մոտեցումն ունի երեք ասպեկտ. 1. Ինչպես ընդունված է ասել, դիվանագետը, ով ասում է «ոչ», դիվանագետ չէ, հետևաբար՝ ԵՄ-ն դեմ չի լինի նշված երկրների մասնակցությանը «սանկցիաների քաղաքականությանը», 2. Ինքնիշխանության հղում՝ ԵՄ-ն փորձում է ցույց տալ, որ իր գործընկերներին դիտում է իբրև սուվերեն պետություններ և չի միջամտում նրանց որոշումների կայացման գործընթացին՝ դրանով փորձելով ընդգծել իր և Ռուսաստանի տարբերությունը, 3. Ռուսական հակազդեցության զսպում, քանի որ ՌԴ-ն ավելի զգայուն է հետխորհրդային աշխարհաքաղաքական տարածության հանդեպ, հետևապես՝ պետք է ԱլԳ երկրներին հեռու պահել մոսկովյան ճնշումներից, որպեսզի Արևմուտքի ծրագրերում այդ երկրների մասնակցությունը չվտանգվի: Վերոհիշյալ կոնցեպտուլ մոտեցումները կարևոր և հստակ մեսիջներ են Մոսկվային, որպեսզի վերջինը սանկցիաների պարագայում իրեն հեռու պահի ԵՄ գործընկերներից, չստիպի նրանց իրականացնել հակաարևմտյան քաղաքականություն և այլն: «Պատկերավոր ասած՝ Եվրոպան խոստանում է չխառնել նրանց, Ռուսաստանն էլ պետք է իր քայլը կատարի: Բայց դիվանագիտությունն ավելի հարուստ է իր բովանդակությամբ, քան այդ բովանդակությունը քողարկող խոսքերի առատությամբ: Ասվածից ենթադրելի է, որ գործընկեր երկրները պարտադրված չեն միանալու սանկցիաներին, սակայն նրանք, որոնք կմիանան կշահեն «ավելին ավելիի դիմաց» ծրագրի «համակրանքը», իսկ անդամակցության հավակնողները՝ գուցե ավելի հեշտացված գործընթաց»,- նշում է Արման Սահակյանը։: