«Ջան»-ն էլ է երեք տառ, «չոռ»-ն էլ, եկեք միշտ «ջան» ասենք
Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի երկրորդ ընթերցման քննարկմանը ԱԺ արտահերթ նիստում այսօր ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն իր ելույթը սկսեց՝ անդրադառնալով նախորդ ելույթներին, որոնք սկսվում էին «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանին ուղղված սիրալիր խոսքերով. «Ջան»-ն էլ է երեք տառ, «չոռ»-ն էլ, եկեք միշտ ջան ասենք, մեկ է՝ նույն էներգիան ենք ծախսում»: Պարոն Մարգարյանը գերազանցեց մյուսներին. նա իր ելույթի յուրաքանչյուր խոսքը համեմեց ժողովրդական ասույթներով ու թեւավոր խոսքերով. «Տասը խելքը ավելի լավ է, քան մեկը: Եթե այս ծրագիրն ընդունվի, սա բերելու է նրան, որ նախկին ջրի գնով, հիմա բավականին թանկ է, հայտնի գնորդին էժան գնով օտարենք մեր գույքը: Սա նման է այն մսավաճառին, որ ասում է՝ փափուկ միս է, բերում ես տուն, տեսնում՝ ոսկորը տակն է: Հիմա ոսկորը գտնելու համար մեզ ժամանակ է պետք: Մեր որոշումը՝ դեմ քվեարկել ԱԺ օրակարգին, պատահական չէր: Լավ գաղափար ընդունելու համար պետք է լավ քննարկենք, որ խուճուճ ճանապարհները վերացնենք: Ժամանակին մենք ասացինք՝ ատոմակայանը խաղալիքի գործարան չէ, այն պետք է լինի պետական մենաշնորհ»: Իսկ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն իր արտահերթ ելույթում եւս դիմեց իմաստնախոսությանն ու ռուսական հայտնի ֆիլմերի հայտնի խոսքերին. «Պատգամավորների կողմից մի պրյոմ ա միշտ օգտագործվում՝ եթե թեման ակտուալ է, պիտի խոսեն, կապ չունի՝ հասկանում են, թե ոչ: Ուսանողական տարիներին, մի բան որ չէինք հասկանում, դիմում էինք ոջիլի հայտնի պատմությանը, քանի որ այն գիտեինք: Մենք վաղուց ուսանող չենք, մեծացել ենք ու լուրջ մարդիկ ենք: Եկեք ոջիլից հեռանանք ու այդ սինդրոմը հաղթահարենք»: Պատգամավորները, իր իսկ խոսերով, չակերտավոր հիվանդություն ունեն՝ մենք ենք լավագույն մասնագետները ու կարող ենք խոսել ամեն ինչի մասին. «Ու որպես կանոն՝ այդ լավ մասնագետները ընդդիմությունից են, քանի որ օբյեկտիվորեն լինելով փոքրաթիվ՝ ուսուցչի ու թելադրողի տոնով սիրում են խոսել: Այդպես չէ, սիրելի բարեկամներ, մեզնից յուրաքանչյուրը չի կարող լավագույն լինել՝ լիկյորավոդոչնի՝ յա, ցեմենտնիյ՝ յա, իրավագիտություն՝ յա, հանքարդյունաբերություն՝ յա»: Այնուհետեւ, նա սկսեց գովել ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի մասնագիտական ունակությունները: Պարոն Մելքումյանն ի պատասխան կարմրեց ու գլխով համաձայնության նշան արեց: