Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցմահ դատապարտյալը պահանջում է իր մեղավորությունը հաստատող գեթ մեկ ապացույց (տեսանյութ)

Քաղաքականություն
mher-enoqyan

Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը գլխավոր դատախազությունից պահանջում է տրամադրել իր մեղավորությունը հաստատող մեկ ապացույց։ «Քրեական գործում չկա գեթ մեկ ապացույց, ցույց տվեք, ես հիմա բոլորիցդ ներողություն կխնդրեմ եւ կվերադառնամ խուց»,- այսօր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հրավիրված արտագնա դատական նիստում հայտարարեց նա։ Մհեր Ենոքյանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից պահանջում էր պարտավորեցնել գլխավոր դատախազությանը վարույթ հարուցել նոր երեւան եկած ապացույցների հիմքով։ Դեպքից 19 տարի անց միջազգային փորձագիտական կենտրոնը տվել է եզրակացություն, ըստ որի՝ Մհեր Ենոքյանը չի եղել սպանություն կատարող անձը։ Սակայն դատախազությունը դա նոր երեւան եկած ապացույց չի համարել։ «Չունենք դատահոգեբանական, գենետիկական փորձաքննություններ, իսկ հանցագործության գործիքից բացակայում է Մհեր Ենոքյանի մատնահետքը»,- նշեց նրա պաշտպան Լեւոն Բաղդասարյանը։ mher enoqyan 1 Մհեր Ենոքյանը մեղադրվում է համակուրսեցուն սպանելու մեջ եւ չի ընդունում իր մեղքը։ Գործով մյուս մեղադրյալը՝ Արամ Հարությունյանը, ընդունել է իր մեղքը եւ արդեն ազատության մեջ է։ «Սպանողն ասել է, որ Մհեր Ենոքյանը փորձել է կանխել սպանությունը։ Նույնը պնդում եմ եւ ես, անցնում են օրեր շաբաթներ, Արամ Հարությունյանը տալիս է 5 իրարամերժ ցուցմունք՝ կամաց-կամաց մեղքը բարդելով իմ վրա, ներկայացնելով, որպես քրեական հեղինակություն»,-հիշում է ցմահ դատապարտյալը։ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ընթացող արտագնա նիստը ավարտվեց։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց ցմահ դատապարտյալի դիմումը։ Որոշումը կբողոքարկվի Վերաքննիչ դատարանում։ Նիստից հետո Մհեր Ենոքյանին ուղեկցեցին իր խուցը։ Մի խումբ քաղաքացիներ փորձեցին քաջալերել Մհերին։ «Գալու եմ, գալու»,- «Նուբարաշեն»-ի 5-րդ հարկի իր խցից արձագանքեց ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը։