Թումանյանը հանդիպեց Իրանի նավթի նախարարին
Հունիսի 14-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում ունեցավ Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեի հետ: Ողջունելով դեսպան Թումանյանին` Իրանի նավթի նախարարը գոհունակություն հայտնեց հայ-իրանական երկկողմ փոխշահավետ համագործակցության առնչությամբ: Այս համատեքստում առանձնահատուկ ընդգծվեց էներգետիկ ոլորտում ծավալված համագործակցությունը: Նախարարը նաև հավելեց, որ հայ համայնքը զգալի ներդրում է ունեցել երկրի տնտեսության տարբեր ոլորտների զարգացման գործում: Դեսպան Թումանյանն իր հերթին խոսեց հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակի և տնտեսական հարաբերությունների աշխուժացման անհրաժեշտության մասին: Քննարկվեց երկկողմ տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքը, և ընդգծվեց էներգետիկ ոլորտում արդեն ձևավորված արդյունավետ համագործակցության փաստը: Արտաշես Թումանյանը ներկայացրեց հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին նվիրված մի շարք հարցեր: Բիժան Զանգանեն իր պատրաստակամությունը հայտնեց` նպաստել Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմանը և հաջողություն մաղթեց դեսպան Թումանյանին իր դիվանագիտական առաքելության ընթացքում: