Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իսկ եթե մի օր ՀՀ-ին դեմ տան Ադրբեջանի՝ ԵՏՄ անդամակցությո՞ւնը»

Քաղաքականություն
af031be1d4989f3132d299dd18cb8c2c

Ղրղըզստանի Հանրապետության՝ ԵՏՄ միանալու մասին երեք պայմանագրերի քննարկմանն այսօր ԱԺ արտահերթ նիստում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների փոխնախարար Սուրեն Կարայանից հետաքրքրվեց՝ կարո՞ղ է ներկայացնել՝ ՀՀ-ն, դառնալով ԵՏՄ անդամ, ի՞նչ օգուտներ ստացավ. «Բացի այդ, ուզում եմ իմանալ՝ ինչպե՞ս եք վերաբերվում ՀՀ-Իրան երկաթգծի կառուցման մասին ՌԴ դիրքորոշմանը, ինչո՞ւ է նա կոշտ դիրքորոշումներով հանդես գալիս ու խափանում շրջափակումից դուրս գալու մեր ջանքերը»: Սուրեն Կարայանի խոսքերով՝ դա ՌԴ դիրքորոշումը չէ, այլ մասնավոր ընկերության վերաբերմունք: Իսկ երկաթգծի վերաբերյալ նա նշեց, որ մոտ օրերս կսկսվեն Իրան-ԵՏՄ փոխհարաբերությունները: Իսկ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նշեց, որ այդպես էլ չներկայացվեց, թե որն է ՀՀ շահը. «Դուք այն ժամանակ էլ տարածքների մասին էիք խոսում, սակայն սա նաեւ քաղաքական խնդիր է: Այսօր արդեն հայտնի է, որ միայն ՌԴ արտահանումը միայն առաջին եռամսյակում նվազել է: Կառավարությունը պիտի ասեր՝ ինչու չեն իրականացվել այն դրական սպասումները, որոնք խոստանում էին: Խնդրում եմ՝ մեր տնտեսական շահը ներկայացրեք թվերի լեզվով: Իսկ եթե մի օր ՀՀ-ին դեմ տան Ադրբեջանի՝ ԵՏՄ անդամակցությունը, դուք նորից պետք է բերեք նույն ոգեւորությամբ սա պաշտպանե՞ք»: Սուրեն Կարայանը վստահեցրեց, որ ՀՀ-ն ոչ մի պարտավորություն չի կրելու այս արձանագրությունը ուժի մեջ մտնելուց հետո. «Իսկ Ղրղըզստանի հետ կապված 6 մլն-ոց տնտեսական լրացուցիչ շուկա է ՀՀ-ի համար բացվում: Հայ տնտեսվարողները, մասնավորապես ոսկերչության ոլորտը, առանց խոչընդոտների նոր հնարավորություններ կունենա: Իսկ թվերին չեմ ուզում անդրադառնալ, քանի որ ոչ բոլոր տնտեսական շահերն են, որ կարելի է արտահայտել թվերով»: Պարոն Քոքոբելյանն արձագանքելով ասաց. «Անդամակցելով ԵՏՄ՝ ուղղակի ակնհայտ է, որոշակի կանխատեսումներով՝ շատ հստակ, որ այս միությունը գնում է անկում: Հետեւաբար, որեւէ դրական միտում ՀՀ համար չի լինի»: Սուրեն Կարայանն այդպես էլ Խաչատուր Քոքոբելյանի շատ հարցեր անպատասխան թողեց: