Ձորագետ ՀԷԿ-ի հետ չլսված հրաշք տեղի ունեցավ (տեսանյութ)
Պատգամավոր Լեւոն Զուրաբյանի ձեռքին է հայտնվել Հայաստանի էլեկտրական ցանցերի կոռուպցիոն գործունեությունը վկայող մի փաստաթուղթ, ըստ որի վնասով աշխատող ՀԷՑ-ը Ջերմուկ քաղաքի զարգացման հիմնադրամին նվիրաբերել է 300 միլիոն դրամ. «Սա կոռուպցիոն բարեգործություն է, այս գումարները մեջ- մեջ են անում»։ Պարոն Զուրաբյանը չի բացառում, որ այսպիսի բարեգործություններ ՀԷՑ-ը կատարել է Հայաստանի քաղաքներով մեկ։ Սակայն Հայաստանի էլեկտրացանցերն այսպիսի բարեգործությունների իրավունք չունեն. «Դա չպիտի իրան թույլ տար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը»։ Հաջորդ կոռուպցիան ըստ պարոն Զուրաբյանի, խտրականությունն է տարբեր ՀԷԿ-երի միջեւ։ Ասենք, ինչ-որ մարդիկ ամեն ինչ անում են, որպեսզի 2006-ին ՀԷՑ-ին 12 դրամով էլեկտրաէներգիա վաճառող Ձորագետ ՀԷԿ-ը հանկարծ մի քանի տարի հետո վաճառում է 3 դրամով. «4 տարի առնում են էլեկտրաէներգիան ցածր գնով, ապացուցում են ոչ եկամտաբերությունը, որից հետո այդ ՀԷԿ-ը սեփականաշնորհվում է մի ընկերությանը, որը գրանցված է նույն տեղում, ինչ Սան Մարինոյի հյուպատոսը Հայաստանում։ Ձեզ հայտնի Միքայել Մինասյանը»։ Միքայել Մինասյանին պատկանելուց հետո Ձորագետ ՀԷԿ-ի արտադրողականության արդյունավետության մեջ տեղի է ունենում մինչ այդ չլսված հրաշք. «Թռիչքաձեւ գինը բարձրանում է, սկզբից 22 դրամ, հետո 23, 24 եւ այլն, եւ այլն, անգամ ավելի բարձր, քան փոքր ՀԷԿ-երը»։ Խնդիրը միայն ՀԷՑ-ն ու կոռուպցիան չեն,-ասում է Լեւոն Զուրաբյանը, այլեւ այն, որ պետական մարմինները դրանցով չեն զբաղվում, իմ ձեռքի տակ գտնվող նյութերով դատախազությունը պարապ չի մնա. «Եվ ՀԷՑ, եւ ԲԷՑ, եւ ՀԾԿՀ, բոլոր այդ հիմնարկներ կարելի է ուղարկել հզոր քննչական խմբեր, որոնք ոչ թե կբացահայտեն, այլեւ տոննաներ կբացահայտեն, թե ինչ է կատարվում այդ համակարգում»։ Ի դեպ, պարոն Զուրաբյանն անդրադարձավ նաեւ Համաշխարհային բանկի վերջին եզրակացությանն, ըստ որի «Նաիրիտը» կարող է աշխատել միայն էժան էլեկտրաէներգիա ստանալու դեպքում. «Դե հիմա պատկերացրեք հետեւանքները էս կոռուպցիայի։ Էս կոռուպցիայով խեղդում են Հայաստանի տնտեսությունը, նրա քիմիական արդյունաբերությունը»։