«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը միանում է «Ոչ թալան»-ին (տեսանյութ)
«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը հունիսի 16-ին Մերգելյան ինստիտուտի մոտից ավտոերթ է անցկացնելու մինչեւ Ճանապարհային ոստիկանության շենք: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արմեն Եփրեմյանը: Նրանք Ճանապարհային ոստիկանությանը ներկայացնելու են իրենց նոր պահանջները: Պահանջում են վերացնել կարմիր գծերը, վերացնել տեսախցիկները կամ ներդնել ՃԵԿ խախտումների պատժամիջոցների բալային մեխանիզմ, սահմանել չափորոշիչներ վարորդական իրավունքից ժամանակավոր եւ ընդհանրապես զրկման համար, նախկին տուգանքների եւ դրանց վրա եկած տույժերի մասնակի համաներման նկատմամբ հայտարարել ամբողջական համաներում, ապահովել մատչելի երթեւեկություն՝ հագեցնելով ճանապարհները անհրաժեշտ բոլոր նշաններով: Մեկ տարի առաջ նախաձեռնության անդամները սկզբում իրենց պահանջները կներկայացնեն ՃՈ-ին, ապա այլ պատկան մարմիններին կդիմեն: Արմեն Եփրեմյանի խոսքերով՝ տեսախցիկները մարդկանց գրպանին կպնելու միջոց են, չեն պակասել ավտոպատահարները, վրաերթերը: Ի դեպ, «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը միանալու է հունիսի 19-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ կազմակերպվող երթին: «Մենք վաղուց ենք հայտարարել, որ միանում ենք այդ նախաձեռնությանը»,- ասաց Արմեն Եփրեմյանը: Իսկ Արսեն Պետրոսյանն էլ հիշեցնում է, որ երկու նախաձեռնությունները նույն միտքն են արտահայտում. «Ուղղակի նրանք էլ որոշել են այդ ուղղությամբ պայքարել»: