Ինչ ակնկալել Մեջլիսի հայազգի պատգամավորներից (տեսանյութ)
Թուրքիայում խորհրդարանական ընտրություններից հետո միայն ուժերի վերադասավորում տեղի ունեցավ։ Հայաստանում գտնվող թուրքական «Ժամանակ» թերթի գլխավոր Խմբագիր Արա Քոչունյանը, գնահատելով հետընտրական գործընթացը, ասում է՝ 13 տարի իշխանության գլուխ կանգնած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը կորցրեց միաձայն կառավարելու իր հնարավորությունը. «Թուրքիան մի ելք պետք է գտնի այս նոր ձեւի հետ, իրավիճակը նոր է, բայց ճգնաժամի նախադրյալներ չկան։ Համախոհական իշխանություն կձեւավորվի։ Կոալիցիայի ստեղծման առումով բավական մեծ փորձ ունի, նոր հավասարակշռություններ կձեւավորվեն, ու երկիրը նորմալ ընթացքի մեջ կմնա»։ Էրդողանի ստեղծած կուսակցությունը չի դադարի գլխավոր դերակատարը լինել երկրում՝ համոզված է Քոչունյանը. այս ընտրությունները միայն փորձաքար էին՝ երկիրը ավելի ճիշտ ուղու վրա կանգնեցնելու համար. «13 տարի անընդհատ կառավարումը բերում է գործելու մեծ հնարավորություն, բայց նաեւ որոշ մաշվածություն։ Բարդ է Թուրքիայի նման երկրում այդպես որոշումներ կայացնել»։ Վերջին տեղը զբաղեցրած ու խորհրդարանում հայտնված քրդական կուսակցությունը արդեն իսկ բուռն տոնում է իր հաղթանակը՝ համարելով դա մեծ առաջընթաց։ Թուրքիայում գործնական այցով գտնվող Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը պատմում է այս օրերին Ստամբուլի փողոցների իրարանցման մասին. «Ընտրությունների երեկոյից սկսած՝ Ստամբուլի փողոցներում խանդավառություն է, քրդերը չեն հանգստանում, արդեն 3-րդ օրն է՝ մեքենաներ են անցնում, դրոշներով, գոռգռում են, ճվճվում»։ Մեջլիսում նոր հայտնված կուսակցությունների չափից դուրս մեծ խանդավառությունը նա անհիմն է համարում։ Ի դեպ, այս ընտրությունների արդյունքում պատգամավորի մանդատ, երեք տարբեր կուսակցությունների կազմում, կստանա նաեւ 3 հայազգի պատգամավոր։ Նրանցից լիովին հայանպաստ գործունեություն սպասել Արա Քոչունյանը խորհուրդ չի տալիս։ Հայկական հարցի լուծումը հնարավոր կլինի միայն պետականորեն դրա հասունացման դեպքում, կարծում է Արա Քոչունյանը։ Հայազգի պատգամավորներից պետք է ակնկալել միայն այդ հասունացմանը նպաստող քայլեր։ Ավելին՝ տեսանյութով