«Մի փոքր հիշողության թելերը պետք է աշխատեցնել»
ԱԺ-ում 2014թ.պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկմանը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն իր ելույթում հայտարարեց, որ իրենք կարող էին զբաղվել սիզիփոսական աշխատանքով ու ներկայացնել բազմաթիվ թվեր, ինչը նախորդ տարիներին արել են. «Խնդիրն այն է, որ այդ թվերի վերլուծությունը իրականությունը հասկանալու համար ոչինչ չի տա»: Ըստ նրա ՝ տնտեսության զարգացումը դարձել է երկրի անվտանգության հարց, եւ ապա՝ սկսեց ներկայացնել Սերժ Սարգսյանի իշխանության յոթ տարիների գործունեության արդյունքը. «Մենք ջայլամի քաղաքականություն ենք վարում: Ո՞ւմ ենք խաբում, Ադրբեջանի՞ն. ինքը մեզնից շատ լավ գիտի՝ ինչ է կատարվում մեր երկրում: Մենք պետք է ճիշտ ախտորոշենք մեր տնտեսությունը, որ իսկապես մենք ճգնաժամի մեջ ենք: Մենք չունենք ռազմավարական տեսողություն ունեցող իշխանություն, այն ընդամենը կոնյունկտուրային, օրվա տեսողությամբ է օժտված: Ես կոչ եմ անում սթափվել. մեր տնտեսությունը ծանրագույն հիվանդ վիճակում է ու դարձել է սպառնալիք ՀՀ եւ ԼՂՀ անվտանգության համար»: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը արձագանքեց նրան՝ փորձելով իր գնահատմամբ ներկայացնել իրականությունը. «Ձեւավորված իշխանական թիմը խարխլված տնտեսությունը ոտքի կանգնեցրեց՝ ՀՆԱ-ի աճ ունեցանք ու իր դերակատարումով նպաստելու է տնտեսական զարգացմանը: Սա ոչ թե հակառակվում եմ ելույթ ունեցողին, այլ իրականությունն ուզում եմ ներկայացնել, որ ընկալելի լինի հասարակության համար: Մի փոքր հիշողության թելերը պետք էր աշխատեցնել, որ ժողովուրդը սկսեր տխրել-տխրել: Տաճատ Վարդապետյանը լիներ, Ջիվանիից մեջբերում կաներ՝ խելքի աշեցեք»: Ի դեպ, ՀՅԴ-ն դեմ, ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն ձեռնպահ են արտահայտվել բյուջեի կատարման մասին հաշվետվությանը: