ԱԺ-ում թեժ է. Ձեզնից էն կողմ էլ ինչ հերոս. Զուրաբյանը՝ Գալուստ Սահակյանին (տեսանյութ)
74 կողմ, 11 դեմ, 20 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ «Հանրաքվեի մասին» օրենքում ՀՅԴ նախաձեռնած փոփոխություններն ընդունվեցին: Մինչ այդ բուռն բանավեճ եւ լեզվակռիվ տեղի ունեցավ: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ երեք քաղաքական ուժ ներկայացրել էր առաջարկությունների լայն փաթեթ, որոնցից մի որոշ հատվածն է ընդունվել. «Այնուամենայնիվ, որոշակի առաջընթաց ապահովում են այս փոփոխությունները, այդ պատճառով մենք ձեռնպահ կլինենք»: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն իր կողմից նշեց, որ իրենք տեխնիկական պատճառներով չեն հասցրել ստորագրել խմբակցությունների ներկայացրած փաթեթի տակ. «Իմ գործընկերներն ինձ ճիշտ չհասկացան, երբ ասացի, որ տեխնիկական պատճառներ են եղել: Ես կոչ եմ անում իմ գործընկերներին՝ ուշադիր լսեն ինձ հետո անցնեն կոռեկտության սահմանները։ Ինչ վերաբերում է ID քարտերով քվեարկությանը, ապա համացանցը ողողված է տեղեկություններով, որ համատարած բնույթ է այն կրել: Մենք կարծում ենք, որ այս օրենսդրական փոփոխությունների քվեարկությունը պետք է հետաձգել, այլապես մենք դեմ կլինենք»: ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանին մեկ այլ հարց էր հուզում. «Ինչ Հովիկ Աբրահամյանը վարչապետ է, ես չեմ կարողացել որեւէ հարց ուղղել նրան: Դա ամենեւին ցանկության բացակայությամբ չի պայմանավորված, այլ սիրով էպիստոլյար ժանր է ի հայտ եկել ԱԺ-ում, երբ պատգամավորները նամակ են գրում կառավարությանը, որից հետո կառավարությունն իր հիացմունքն է արտահայտում նամակի մասին, եւ մենք չենք կարողանում հարցեր տալ: Եթե հնարավոր է, խնդրեք այդ պատգամավորներին, որոնք մանավանդ ունեն իրենց հեռուստատեսությունը, թող բացեն «խրճիթ ընթերցասրահ» ու ընթերցեն այդ նամակները»: Ալեքսանդր Արզումանյանի հեգնանքին, չգիտես ինչու, բուռն ու բարկացած տեղից սկսեց արձագանքել ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը, ապա՝ ՕԵԿ պատգամավորները: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ սխալ տպավորություն է՝ ԱԺ մեծամասնությունը 2/5, 2/6 հարաբերակցությամբ է կարողանում հարցեր տալ կառավարությանը: Պարոն Արզումանյանին անմիջապես արձագանքոց ՕԵԿ խմբակցության ղեկավարը. «Բոլորս մեր ընտրողների կողմից մանդատ ենք ստացել, որ աշխատենք ու մենք պարտավոր ենք աշխատելու: Վայ, նրանց, որոնք չեն գալիս ԱԺ դահլիճ ու միաժամանակ աշխատողների հասցեին պիտակավորումներ են կպցնում: Եթե նման ոճով պետք է խոսեն, դրա համար դահլիճից դուրս տեղ կա, թող գնան խոսեն»: Նրա այս խոսքերը բուռն ծիծաղ առաջացրին դահլիճում: «Հերոսացման գործընթացները դադարեցրեք»,- կոչ արեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Ձեզնից էն կողմ էլ ինչ հերոս»,- հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ կրկին բոլորի ուշադրությունը հրավիրելով «Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխություններին. «Եթե սա ընդունվի, ապա այն կլինի Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրության եւս մեկ քայլ»: Նախագծի համահեղինակ, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ իրենք ոչ թե մերժել են որոշ առաջարկներ, այլ համընդհանուր քննարկման առարկա են դարձրել: Նա նաեւ կոչ արեց ՕԵԿ, ԲՀԿ խմբակցություններին պատասխանատու լինեն իրենց սկզբունքների ու դիրքորոշումներին, քանի որ երբ նրանք իշխանական կոալիցիայի մաս էին կազմում, կողմ են քվեարկել նրան, ինչին այսօր դեմ են արտահայտվում: Նաիրա Զոհրաբյանը նրան կոչ արեց հետհայացք չնետել. «Եթե մենք սկսենք հիշեցնել, թե ով ոնց հարյուր ութսուն աստիճանով փոխվեց, մենք այստեղից կարող ենք էլ ընդհանրապես դուրս չգալ»: «Հիշողությունը լավ բան է, բայց նայենք դեպի ապագա»,- հայտարարեց Գալուստ Սահակյանը: Այդ ընթացքում նիստերի դահլիճում լեզվակռիվ սկսվեց ու փոխադարձ վիրավորանքների տարափ Հեղինե Բիշարյանի եւ Ալեքսանդր Արզումանյանի միջեւ՝ վերջինիս հայտարարության մասին: «Հանգստացեք»,- տիկին Բիշարյանի ուղղությամբ բղավեց Ալեքսանդր Արզումանյանը: «Դադարեցրեք պատերազմը: Սա առաջին դեպքն է, երբ ընդդիմությունն է ընդդիմության հետ կռվում: Մեզ հետ կռվեք, իրար հետ գործ չունեք»,- կատակեց Գալուստ Սահակյանը: