«Այո»-ին 10, իսկ «Ոչ»-ին՝ 2 րոպե եթերաժա՞մ
Ազգային ժողովում քննարկվեց «Հանրաքվեների անցկացման մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Արծվիկ Մինասյանը ներկայացրեց նախագծի վերաբերյալ իրենց տեսակետներն ու դրանց հիմնավորումները: ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ մերժվել են Ժառանգության, ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի կողմից ներկայացված առաջարկների հիմնական մասը: Զոհրաբյանը խոսեց ընտրացուցակների հրապարակման անհրաժեշտության մասին`նշելով, որ դրանց հրապարակումից հետո պետք է այն տարածել նաև ընտրությունների վրա: Ի պատասխան Արծվիկ Մինասյանը նշեց, որ երեք խմբակցությունների 13 առաջարկներից 8-ը ընդունվել են. «Պետք է ընդունել ողջամիտ առավելագույնը, ոչ թե բացարձակապես բոլորը: Ընտրացուցակները հրապարակելու մասին խոսելով` Վենետիկի հանձնաժողովն արտահայտել է իր վերաբերմունքը և այդ հարցի հետ կապված որոշակի վերապահումներ կան: «Պետք է չսահմանափակվել միայն ցուցակների հրապարակմամբ: Բացի այդ` առկա են իրավական որոշակի հակասություններ և անհրաժեշտություն է առաջանում նոր քննարկումներ ծավալել` ի հայտ եկած հարցերի վերաբերյալ: Միասին կարող ենք աշխատել, քանի որ քննարկման լուրջ հարցեր կան»,- նշեց դաշնակցական պատգամավորը: Ըստ նրա` պետք է նաև մաքրվեն ընտրացուցակները. «Սակայն դա պետք է չխանգարի քաղաքացիներին` իրենց ընտրական իրավունքն իրացնելու»,- ավելացրեց նա: ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանն իր խոսքում նշեց, որ քննարկումների ժամանակ ինքը ներկայացրել է իրենց տեսակետը, այն է` հանրաքվեները պետք է անցկացվեն միջազգային չափանիշներին համապատասխան և դա ապահովելու համար անհրաժեշտ է նաև, որ «այո»-ի և «ոչ»-ի կողմնակիցները ունենան հավասար հնարավորություն` պաշտպանելու իրենց տեսակետները: «Ստացվում է, որ Հ1-ը պետք է 2 րոպե եթերաժամանակ տա «ոչ»-ի կողմնակից ուժերին, իսկ «այո»-ի կողմնակիցներին` 10 րոպե: «Մենք առաջարկում ենք, որ հավասար բաշխվի եթերը «այո»-ի և «ոչ»-ի հիմնավորումները ներկայացնելու համար` անկախ նրանից, թե քանի խմբակցություն կամ քաղաքական ուժ դա կանեն»,- նշեց Զուրաբյանը: «Մենք գնացել ենք այն բանին, որ Աժ խմբակցությունները, դաշինքներն ու հասարակական կազմակերպություններն ունենան հավասար հնարավորություն` ներկայացնելու իրենց տեսակետները»,- արձագանքեց Մինասյանը: ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանն իր խոսքում անդրադարձավ քարոզչությանը` նշելով, որ պետք է ոչ թե սուբյեկտների թիվը մեծացնել, այլ հավասար հնարավորություն ստեղծել «այո»-ի և «ոչ»-ի հավասար լուսաբանման համար: «Եթե 5 ուժ կողմ է, իսկ 1-ը դեմ, պետք է նրանց տրվի հավասար ժամանակ` իրենց հիմնավորումները ներկայացնելու համար»,- հավելեց Հարությունյանը: