Գեւորգ Կոստանյանն ընտրել է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
Այսօր ԱԺ եզրափակիչ ելույթում ՀՀ Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հայտարարեց, որ ԱԺ-ում շատ արդյունավետ քննարկում եղավ, միաժամանակ նա որոշեց խոսել առանձին ելույթների մասին: Նա մասնավորապես անդրադարձավ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթին, որի ժամանակ պատգամավորը ոչ միայն քննադատել էր նրա գործողությունները, այլեւ խոսել դատախազի ձեռքերի ու մատների ժեստիկուլյացիայի մասին. «Պարոն Փաշինյան, ես հասկացա, որ մասնագիտական հարթության մեջ մենք չենք կարող հարց քննարկել: Իրավագիտությունը, որ դուք համարում եք բառակույտ, նույնն էլ դուք կարող եք ասել ուրեմն աստղագիտության մասին` այն համարելով աստղերի կույտ, եւ թվաբանության մասին` դա էլ թվերի կույտ համարելով: Այդ իսկ պատճառով չեմ կարծում, որ կառուցողական բանավեճ կարող ենք ունենալ: Եթե ձեր ելույթը անձնական ինքնադրսեւորման, նոր կուսակցության կայացմանն էր ուղղված, ապա կարծում եմ, որ դա ճիշտ ճանապարհ չէ: Որպես երկրի քաղաքացի` դա ինձ համար անընդունելի է: ԱԺ ամբիոնը պետք է ծառայի իրավագիտության եւ բարոյականության դրսեւորման համար»: Դատախազն անդրադարձավ նաեւ Նիկոլ Փաշինյանի կողմից վկայակոչած իր ժեստիկուլյացիային. «Դա սովորական հաղորդակցման դրսեւորում է, դա հռետորաբանության ցանկացած դրսեւորման մեջ կա, դրա նկատմամբ ձեր հակակրանքը ինձ համար տարօրինակ է: ԱԺ նկատմամբ հարգանքը առաջին հերթին սկսվում է պատգամավորի էթիկայից ու բարոյականության նորմերից, որոնք դրսեւորվում են ԱԺ ամբիոնից, եւ դրանց խախտումը ինձ մոտ ափսոսանք է հարուցում: Պառլամենտարիզմի թեման իմ թեկնածուական ատենախոսությունն է եղել եւ դրա համար իմ վերաբերմունքը ԱԺ նկատմամբ ոչ միայն ի պաշտոնե է, այլեւ գիտական է: Ինչպես խիստ հարգանքով ու պատասխանատվությամբ եմ մոտենում ԱԺ ու բոլոր պատգամավորներին, բացառությամբ մի քանի դեպքերի, նույն կերպ էլ դուք պետք է վարվեք, ես էլ եմ ձեզ ընտրել, պարոն Փաշինյան»: «Ես էլ ձեզ եմ ընտրել»,- դահլիճից արձագանքեց Նիկոլ Փաշինյանը: «Այն, որ դուք էլ ինձ եք ընտրել, դա ինձ համար մեծ պատասխանատվություն է, որ ապահովենք արդարությունն ու օրինականությունը մեր երկրում: Ես ծառայել ու ծառայելու եմ իմ երկրին»,- իր ելույթը եզրափակեց Գեւորգ Կոստանյանը: