Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գալուստ Սահակյանն իր ելույթը նվիրեց Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
aj12

Գլխավոր դատախազի տարեկան հաղորդման մասին արտահերթ ելույթով հանդես եկավ նաեւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նա հայտարարեց, որ անդրադառնալու է ոչ թե առանձին պատգամավորների արտահայտած մտքերին, այլ ընդհանուր առմամբ. «Նման աննախադեպ քննարկում այլ թեմաների շուրջ չի եղել: Բոլոր ելույթները մեկ միտում ունեին՝ մեր դատական, դատախազական համակարգի բարեփոխումներն էին: Սա իրոք մասշտաբային քննարկում էր: Բոլոր հարցերին զեկուցողը պատասխանեց, ուղղակի մենք չկարողացանք տարբերել հաղորդումն ու հաշվետվությունն ինչ է. դուք բոլորդ հաշվետվություն էիք պահանջում: Միտումներ անգամ նկատվեց, որ որոշ պատգամավորներ ուզեցին մի քիչ լավ խոսք ասել, ու նաեւ որոշակի քննադատել, թե, տեսեք, մենք էլ ենք գործ անում: Չի կարելի բաներ ասել, որ շատ կարճ ճանապարհով կարող ես հետապնդել ու քո արժեւորումը տալ: Դա վերաբերում է եւ ընդդիմությանը, եւ իշխանությանը»: Այդ պահին ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ժպիտով հետեւում էր ելույթին: Գալուստ Սահակյանն իր խոսքն ուղղելով նրան՝ ասաց. «Նիկոլ Փաշինյանը ժպտում է, բայց նրա ելույթն էլ եմ գնահատում: Կարելի է՝ արհամարհական խոսել, սակայն երբ տրամադրությունն այնպիսին էր, որ բոլոր հարցերին էլ պատասխանվելու էր, կարելի էր ուղղակի բարեկիրթ խոսել: Ես ինձ վրա օրինակ բերեմ՝ երբ ԱԺ նախագահն ասում է, որ թալանել են, դա չի նշանակում, որ դատախազը պիտի վազելով գնա տեսնի՝ թալանել են, թե ոչ: Այսինքն՝ բոլորն առանձին դեպքերում իրենց ճշմարտությունն են ուզում առաջ տանել: Ինչպես Փաշինյանը կարող է ասել՝ ես այն դուխովն եմ, որ ամեն ինչ կարող եմ առաջ տանել: Այս մշակույթն էլ հետագայում կկարգավորվի. ժամանակները փոխվել են: Քննադատենք, բայց չավիրենք ամեն ինչ»: Նրա ելույթի ընթացքում Նիկոլ Փաշինյանն անվերջ ծիծաղում էր: Ելույթի ավարտից հետո բոլորը ծիծաղելով սկսեցին ծափահարել՝ եւ ընդդիմությունը, եւ իշխանությունը։