Ֆարմանյանը Փաշինյանին համեմատեց Ադոլֆ Հիտլերի հետ (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր ՀՀ Գլխավոր դատախազության հաշվետվության քննարկմանը վերջին երեք ելույթները Գեւորգ Կոստանյանի մտերիմ ընկերներինն էին: ՀՀԿ-ական Լեւոն Մարտիրոսյանն իր խոսքը գովաբանական խոսքերով սկսեց՝ շեշտելով Գեւորգ Կոստանյանի արժանիքիները, ապա ավելացրեց. «Խոսքս ավելի ծանրակշիռ դարձնեմ, որ չթվա քավոր-սանիկային հարաբերություններ են ու ընկերը ամբիոնից իր ընկերոջ մասին վեր է կացել ու գովաբանում է: Ասեմ, որ թող չթվա, որ երբեւիցե որեւիցե միջնորդությամբ դիմել եմ իրեն: Ոչ դիմել եմ, ոչ էլ պատրաստվում եմ դիմել»: «Դիմեք էլ, չի ընդունի միջնորդություններդ»,- ժպիտով արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: ՀՀԿ մեկ այլ պատգամավոր, դատախազի մտերիմ Սամվել Ֆարմանյանը որոշեց անվանական խոսել այն ելույթների մասին, որոնք նրան դուր չէին եկել: Դիմելով ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին ու նրա այն հայտարարությանը, թե Գեւորգ Կոստանյանը ակտիվ է միայն իր ձեռքերի, մատների շարժումներով, պարոն Ֆարմանյանն ասաց. «Եթե ժեստիկուլյացիաների սանդղակ կազմվեր, պարոն Փաշինյան, դուք ձեր ժեստիկուլյացիաներով պատմության մեջ առաջ կանցնեք Ադոլֆ Հիտլերից»: Ըստ նրա՝ որոշ ելույթներ, որտեղ կար քննադատություն՝ ուղղված Գլխավոր դատախազին, որոշակիորեն վերամբարձ էին, իսկ ոմանք էլ՝ պարզ թատերական ներկայացում հիշեցնող դրսեւորումներ էին. «Պարոն Կոստանյան, ուշադրություն չդարձնեք, այլ արեք այն, ինչ պահանջում է հասարակական շահը, քանի որ այդ քննադատությունները պատմության մեջ փոշու մեջ կորելու են»: