Մարգարիտ Եսայանը վիրավորված է որոշ ելույթներից (տեսանյութ)
Գլխավոր դատախազ բառակապակցությունը ընդհանրական առումով սիրելու բան չէ: Այսօր ԱԺ-ում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը՝ խոսելով ՀՀ Գլխավոր դատախազի ներկայացրած հաշվետվությունից: Որպես իր խոսքերի հաստատում՝ նա նշեց, որ հասարակության մեջ դատախազը ինչ-որ մեկին բռնելու, շղթայելու եւ նման քայլերի դիմող անձն է: Ապա՝ տիկին Եսայանը սկսեց մեկ առ մեկ հիշատակել տարբեր տարիներին Գլխավոր դատախազների գործունեությունը, երբ նրանք տարբեր պատգամավորների զրկել են մանդատներից. «Ժամանակն է, որ այս պաշտոնի նկատմամբ մեր վերաբերմունքը փոխենք: Ես չեմ պաշտպանելու դատախազին, թեեւ ինքն իմ լավ բարեկամն է. դա նա ինձնից լավ կարող է անել: Այն տոնայնությունը, որ ներկայացվում էր դատախազի հաշվետվությունը՝ ամբիոնի մոտ կանգնած նրա դիրքի, ձեռքերի շարժումների մասին, ես հարիր չեմ համարում: Միգուցե իմ կանգնելու դիրքն էլ մեկին դուր չի գալիս. որեւէ մեկը պարտավոր չէ ամեն ինչ ընդունել հալած յուղի նման: Ես՝ որպես պատգամավոր, իմ նստած տեղից լսելով նման ելույթները, ինձ վիրավորված էի զգում»: Հիշեցնենք, գլխավոր դատախազի ժեստիկուլյացիայից խոսել էր ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։