«Սերժ հոպարն ասում է՝ հանգիստ թողեք էդ երեխուն, հո չի՞ կերել ձեր մայթերը» (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր ելույթ ունենալով ՀՀ Գլխավոր դատախազության հաշվետվության մասին՝ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Պարոն դատախազը, խփելով շատախոսության բոլոր ռեկորդները, այստեղ բացատրում էր՝ ինչ բան է իրավաբանությունը՝ շոումենին հատուկ ժեստիկուլյացիան կիրառելով: Ինչպես ժողովուրդը կասեր՝ տեսեք, թե ինչ բեջուրա կենդանի է Աղվան Հովսեփյան-Գլխավոր դատախազ գիծը»: Նա մասնավորապես խոսեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի մասին, որի արդյունքում սպանվեց Ավետիք Բուդաղյանը, եւ այդ դեպքի վերաբերյալ այն գաղտնալսումների մասին, որոնք, ըստ դատախազի, տեխնիկական պատճառներով գոյություն չունեն. «Դրանից հետո քանի՞ կոպեկի արժեք ունի ձեր դատարանն ու ԱԱԾ-ն, որ դատարանի որոշումը չի իրականացնում, թե տեխնիկական բարդությունների պատճառով չկան գաղտնալսումներ: Էստեղ եկել ու մեծ-մեծ խոսում եք՝ եթե Սուրիկ Խաչատրյանը հանցանք գործի, ու դա ապացուցվի, դատի կտամ: Ո՞նց պիտի ճշտի, ապացուցի: Ինչպես հայտնի պերսոնաժն էր ասում՝ ապացույցների վրա նստած ապացույցներ եք փնտրում»: Նա հիշեցրեց դատախազի այն խոսքերը, թե՝ ուզում եք այդ դեպքի մասին մանրամասներ իմանալ, գնացեք Բուդաղյանների դատին, ու ամեն ինչ պարզ կլինի. «Էլ ոնց գնանք, երբ Սուրիկ Խաչատրյանի որդին իր «Բրաբուսը» հանգիստ քշում է Երեւանի Մաշտոցի պողոտայի մայթերով: Ոստիկաններն իրենք էլ էին զարմացել իրենց դուխի վրա, որ բռնել էին, ու նրա մեքենան տարել ՃՈ տուգանային հրապարակ: Թե Նախագահականից Սերժ հոպարն ասում է՝ հանգիստ թողեք էդ երեխուն, հո չի՞ կերել ձեր մայթերը»: Այնուհետեւ պարոն Փաշինյանն անդրադարձավ Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի պահվածքին ԱԺ-ում. «Ձեզ հաշիվ չե՞ք տալիս, թե որտեղ եք գտնվում: Եկել է, մատը սենց ա անում, նենց է անում: Երբ Սերժ Սարգսյանի մոտ զեկուցում եք, էդպե՞ս եք վարվում: Ընդհանրապես ձեր ցուցամատը ձեզ պահեք. եթե շարունակեք այդպես պահել, ապա խոստանում եմ՝ ամեն անգամ այստեղ գալուց հետո հոգեբանի կարիք եք ունենալու: Ես ձեզ ու ձեր նմանների համար հասկանալու տեսություն ու պրակտիկա կարող եմ դասավանդել, եթե չհասկացաք, ապա խորացված դասընթացների կարիք ունեք ուրեմն»: Նրա ելույթից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը արձագանքեց նրան. «Իրոնյան հանեք, ու ամեն ինչ տեղը կընկնի: Շատ եք խոսում դուխից, ու դուխով էլ խոսում եք»: