«Հիմա գա՞ն տուն, թե ոչ» (տեսանյութ)
45 կողմ, 62 դեմ եւ 3 ձեռնապահ ձայների հարաբերակցությամբ այսօր ԱԺ-ն մերժեց ՀԱԿ պատգամավորների նախագիծը՝ գազամատակարարման ոլորտում չարաշահումների մասին հաղորդումը ներկայացնել Գլխավոր Դատախազություն: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ նախագիծն ունի հինգ հեղինակ, սակայն նրանցից որեւէ մեկը չի մասնակցել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում անցկացված քննարկմանը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց՝ ասելով, որ հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակներում է քննարկել հարցը. «Օրակարգը պարզ է, պատգամավորները կարող են ցանկացած նիստի մասնակցել»: ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նիստին ներկա Գլխավոր դատախազի ուշադրությունը հրավիրեց նրան, որ մայիսի 22-ին ՀՀ մուտք գործելու հնարավորություն չի ունեցել ու փաստացի արտաքսվել է ֆրանսահայ գործիչ Շանթ Ոսկերչյանը. «Չե՞ք կարծում, որ այս փաստը հակասում է կառավարության հեղինակած «Արի տուն» կարգախոսին։ Մարդիկ ուզում են գան տուն, դու ասում եք՝ չէ: Հիմա գա՞ն, թե ոչ»: «Կփորձեմ ճշտել»,- արձագանքեց Գալուստ Սահակյանը: ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն անդրադարձավ ԱԺ մամուլի խոսնակ Արսեն Բաբայանի կողմից սոցցանցում արված հաղորդագրությանը, որտեղ նա վարկաբեկել է պատգամավորներին՝ ասելով, թե տգետ եւ զավեշտալի հարցեր են տալիս. «Այդ անձնավորությունը կոչված է մեր աշխատանքները լուսաբանելո՞ւ, թե վարկաբեկելու. շունը տիրոջը չի ճանաչում: Նա պետք է ներողություն խնդրի»: Գալուստ Սահակյանը վստահեցրեց, որ ինքը կողմնակից է պատշաճ վերաբերմունքի, այդ պատճառով կփորձի մանրամասները պարզել: ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը, ի պատասխան Լեւոն Զուրաբյանի, ասաց, որ Արամ Մանուկյանը իր հետ ներկայացած տասներկու լրագրողների հետ միասին ներկա էին հանձնաժողովի նիստին, որի ժամանակ ժամ ու կես քննարկել են ՀԱԿ նախագիծը: Լեւոն Զուրաբյանը նշեց, որ տեխնիկական հաղորդակցման պրոբլեմ է եղել, քանի որ ինքը նոր է վերադարձել ՌԴ-ից, իսկ Արամ Մանուկյանն այսօր առավոտյան մեկնել է, այդ պատճառով ինֆորմացիան չեն ճշտել: «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կրկին հետաքրքրվեց՝ երբ է շրջանառության մեջ դրվելու իր նախագիծը՝ պատասխանատվության ենթարկելու Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին. «Դուք նման լիազորություններ չունեք՝ չդնել իմ նախագիծը շրջանառության մեջ: Պարոն Սահակյան, մի անգամ ձեզ փորձել եմ դատի տալ, սակայն դատարանները հրաժարվում են դա վերցնել վարույթ, քանի որ կողմնակալ դիրքորոշում են ընդունում: Դնեք, թե ոչ շրջանառության մեջ, միևնույնն է՝ անպատժելի մթնոլորտը ՀՀ-ում շարունակվում է: Մենք պետք է այստեղ քննարկենք ու գնահատական տանք նրանց, որոնք խայտառակում են պետական համակարգը»: