«Բունդեսթագը կընդունի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը» (տեսանյութ)
Վերջերս հաճախ են հնչում կարծիքներ, թե այս կամ այն երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչնչով չի նպաստի, որ Թուրքիան ընդունի իր մեղավորությունը։ Գերմանագետ, պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Հայրունին այս տեսակետը չի կիսում. «Դա ազդակ է դառնում Թուրքիային՝ կրկին ու կրկին անդրադառնալու այս հարցին»։ Գերմանիայի Բունդեսթագը պատրաստվում էր Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև ընդունել, որի էական կետեր ընթացքում փոփոխվեցին։ Գերմանագետը վստահ է, որ դա տեղի ունեցավ Թուրքիայի ճնշման արդյունքում։ «Գերմանական լրատվամիջոցներն էլ հենց դա էին նշում»։ Սակայն պարոն Հայրունին վստահ է, որ նախքան Բունդեսթագի՝ արձակուրդ գնալն, անպայման կքննարկվի արդեն նոր բանաձևը և կընդունվի։ Ճիշտ է՝ արդեն բավականին մեծ փոփոխություններով։ «Բունդեսթագը որոշեց տեղի տալ նախագահի ճնշմանը, ով հակված է այն մտքին, որ այդ բանաձևում պետք է անպայման ցեղասպանությունների մասին խոսել։ Բայց, փաստորեն, այդ փաստաթղթով հավասարության նշան է դրվում Հայոց և մնացյալ ցեղասպանությունների միջև»,-նշեց գերմանագետը։ Այնուամենայնիվ, նա վստահ է, որ Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկի՝ 2005 թվականի բանաձևից սա մի քայլ առաջ է։ Պարոն Հայրունին ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ այդ փաստաթղթում մի շարք վիճարկելի կետեր կան Հայաստանի համար։ Նախ ընդունվում է Հոլոքոստի եզակիությունը, կոչ է արվում հայերի ոչնչացման փաստը դարձնել ուսումնական հաստատությունների նյութ՝ էթնիկական կոնֆլիկտների համատեքստում, նաև՝ պատմական փաստերի վերլուծություն կատարել։ «Բայց մյուս կողմից Բունդեսթագը հիշեցնում է այն տեղեկագրերի մասին, որոնցում փաստվում է, որ Հայոց ցեղասպանությունը եղել է պլանավորված ոճիր»,-շեշտեց նա։ Հիշեցնենք, այս տարվա ապրիլի 23-ին Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի Մայր տաճարում, մասնակցելով Հայոց ցեղասապանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը, Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը պատմություն մեջ առաջին անգամ Օսմայան կայսրության իրագործած 1915 թ հայկական ջարդերը կոչեց «Ցեղասապանություն» :