«Մենք ընտրությունից ընտրություն չենք աշխատել». Շահգելդյան (տեսանյութ)
«Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումը առաջիկա ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի հետ որեւէ կապ չունի` «Ա1+»-ի հետ զրույցում վստահեցրեց ՕԵԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Մհեր Շահգելդյանը` ավելացնելով. «Մենք երբեք ընտրությունից ընտրություն չենք աշխատել: Սա իրապես հասարակության մեջ առկա խնդիրների, պահանջարկի ամրագրումն է»: Ըստ նրա` այս միավորումը մեր կյանքից եկած մոտեցմանն է ուղղված ու առկա խնդիրների լուծմանը. «Իրավիճակն իսկապես շատ լուրջ է` արտագաղթ, աղքատություն, սոցիալական խնդիրներ: Այստեղ հավաքական մոտեցումներ են պետք ու միասնական կամք»: Պարոն Շահգելդյանի խոսքերով` ՀՀ-ում աշխատելու ու անելու շատ բան կա, եւ այդ պատճառով լավ է, երբ կան բազմաթիվ նախաձեռնություններ ու միավորումներ, որոնց համար դաշտը բաց է: Արդյոք ապագայում այս միավորումը կվերածվի՞ կուսակցության. «Ինչպիսին կլինի միավորման ապագա ռազմավարությունը, մարտավարությունը, դա արդեն համակարգող խորհրդի աշխատանքների գործունեության դաշտում է, որի նիստը կկայանա եկող շաբաթ»: Նրա վստահեցմամբ` առ այսօր տարբեր ՀԿ-ներից ու միավորումներից կան զանգեր, որոնք ցանկանում են միանալ «Հայկական վերածնունդ»-ին: