Քաղաքական մրցանակաբաշխություն՝ 6 անվանակարգում (տեսանյութ)
ՄԱԿ-ի հայաստանյան և ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի, Հայաստանում ԵՄ պատվիրակության , Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ դեսպանության, ինչպես նաև Եվրախորհրդի երևանյան գրասենյակի համատեղ ջանքերով այսօր տեղի ունեցավ Համընդհանուր իրավունքներին նվիրված ամենամյա մրցանակաբաշխությունը՝ 6 անվանակարգում։ Մրցանակաբաշխության նպատակն էր մեծարել այն մարդկանց, ովքեր հանդես են գալիս Հայաստանում մարդու իրավունքների , հաշվետու կառավարման , տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումների ու ազատ խոսքի խթանման դիրքերից։ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Շուշան Դոյդոյանին հանձնեց «Ազատության պաշտպան» մրցանակը։ «Մենք բարձր ենք գնահատում տիկին Դոյդոյանի նվիրվածությունը՝ թափանցիկ և հաշվետու կառավարման խթանմանը, ինչպես նաև նրա ջանքերը՝ հիմնելու այլընտրանքային մեխանիզմներ՝ ԶԼՄ-ների հետ կապված խնդիրների լուծման համար»,-նշեց Անդրեյ Սորոկինը։ Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթի Լիչը «Մեդիա գերազանցություն» մրցանակը հանձնեց «Հետք» կայքի լրագրող Զարուհի Մեջլումյանին՝ ցմահ դատապարտյալների մասին գրելու և նրանց իրավունքները պաշտպանելու համար։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը Կառավարության բարեփոխիչ անվանակարգում Համընդհանուր իրավունքների մրցանակը շնորհեց Թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբին։ Ռիչարդ Միլսի խոսքերով՝ այս աշխատանքային խմբի մարդիկ այն նվիրյալներ են , ովքեր իրենց ներդրումն են ունենում թրաֆիքինգի դեմ պայքարում ՝ ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարակության համագործակցության մեջ՝ թրաֆիքինգի հանցանքի կանխարգելմանը, տուժողներին աջակցություն ցուցաբերմանը, թրաֆիքինգ իրականացնողների նկատմամբ քրեական հետապնդումների ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացման միջոցով։ Սրանից զատ ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն «Ներառման խթանում» մրցանակը հանձնեց «Ունիսոն» ՀԿ տնօրեն Արմեն Ալավերդյանին։ «Տեղական ինքնակառավարման բարեփոխումների առաջատար» անվանակարգում էլ մրցանակ շնորհվեց Ախուրյանի գյուղապետ Արծրունի Իգիթյանին՝ Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի կողմից։ Հայաստանում ԵՄ պատվիրակության գործերի հավատարմատար Դիրկ Լորենցը «Ընդդեմ կանանց նկատմամբ» բռնության կոալիցիային հանձնեց «Խիզախ կին» մրցանակը։