Գ. Չուգասզյանը քրգործի պատճառով չի մասնակցի համաժողովին
Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը չի կարող մասնակցել հունիսի 4-5-ը արտերկրում հրավիրված ինտերնետի կառավարման համաժողովին՝իր դեմ հարուցված քրեական գործից ելնելով։ Գարեգին Չուգասզյանը դիմել էր գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին՝ համաժողովին մասնակցելու համար։ Սակայն դատախազությունից պատասխան է ստացել, որ դիմումը ուղարկել են Քննչական կոմիտե։ Կոմիտեից որեւէ պատասխան չի ստացել։ «Ես հունիսի 4-ին պետք է ելույթ ունենայի, պատրաստվում եմ դեպքի հետ կապված հայտարարություն անել»,- այսօր «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Գարեգին Չուգասզյանը։ Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան»-ի հինգ անդամները՝ Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը , Գարեգին Չուգասզյանը, Պավել Մանուկյանը եւ Գևորգ Սաֆարյանը մեղադրվում են ապրիլի 24-ին անկարգություններ նախապատրաստելու համար։ Նրանք ձերբակալվել էին ապրիլի 7-ին, իսկ մայիսի 4-ին ստորագրությամբ ազատ էին արձակվել։ Գործի նախաքննությունը սակայն շարունակվում է։ Հիմնադիր խորհրդարանի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը նշեց, որ շարունակում են իրենց համակիրներին կանչել հարցաքննության. «Ուզում են ցույց տալ, որ իրենք ճիշտ են, գործի նախաքննությունը շարունակվում է եւ իրենք չեն կարող սխալվել։ Բայց մենք միայն մեր սահմանադրական իրավունքն ենք իրացրել»։ Վարուժան Ավետիսյանը քիչ հավանական է համարում, որ գործը մտնի դատարան. «Սակայն այս ռեժիմի պայմաններում, ինչ էլ ասես հավանական է»,- եզրափակեց նա։