Սարդարապատը դարձավ մեր հաջորդ հաղթանակների գրավականը. Բեկ (տեսանյութ)
Այսօր «Սարդարապատ» հուշահամալիրի բարձունքին հայ ժողովրդի առաջին հաղթական գոյամարտերի հերոսներին հարգանքի տուրք մատուցելու էին եկել նաեւ Արցախյան ազատամարտի հերոսները։ Աղաբեկ Խաչատրյանը՝ Բեկը, հիշում, թե պապն ինչպես էր հպարտ ու գլուխը բարձր պատմում այդ օրերի մասին. «Պապիկս պատմում էր, որ գյուղացին իր բահով ու եղանով դուրս եկավ մարտի ու կարողացավ արժանի հարված տալ թշնամուն»։ Սարդարապատում հաղթելով թուրքական բանակին՝ հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս եւ փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից։ Դրանից ընդամենը մի քանի տարի առաջ էր, որ 1915 թվականին թուրքերը ցեղասպանության ենթարկեցին հայ ժողովրդին. «Թուրքերը համագործակցեցին այլ ազգերի հետ ու վերացրեցին բոլորին. մեր ժողովուրդը մնաց առանց ղեկավար ու կոտորվեց»։ Բեկը համոզված է՝ թուրքերի այդ նենգ արարքն ավելի մեծ ուժ տվեց հայերին՝ համախմբվելու ու հաղթելու։ Իսկ այդ հաղթանակը, ըստ ազատամարտիկի, դարձավ հայ ժողովրդի հաջորդ հաղթանակների գրավականը. «Հենց նրանց սերունդները ջարդեցին հիտլերյան ֆաշիստներին, նրանց սերունդներն էլ ջարդեցին ալիեւյան ասկյարներին, ես ուզում եմ, որ գալիք սերունդն էլ հաղթանակները պահի ու պահպանի՝ սովորության համաձայն»։