ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը խոստացել է զբաղվել ՀԽ անդամի հարցով (տեսանյութ)
«Հայկական վերածնունդ» կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող, Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Շանթ Ոսկերչյանի Հայաստան մուտք գործելուն խոչընդոտելը Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը համարում է տեռոր, որն իրականացվում է ռեժիմին հակառակ քաղաքական հայացքների տեր մարդկանց նկատմամբ։ «Ռեժիմը ուզում է ցույց տալ, որ կա երկաթե վարագույր, որը ստալինյան տեռորի ժամանակների նման չէ, այլ կիրառվում է թիրախային, ընտրողաբար։ Բոլոր այն հայերը, ովքեր դեմ կլինեն ռեժիմին, կսահմանափակվեն հայրենիք մուտք գործելու իրավունքից եւ հայրենիքում իրենց իրավունքներն իրացնելուց»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վարուժան Ավետիսյանը։ Երեկ Շանթ Ոսկերչյանից օդանավակայանում վերցրել էին հատուկ կացության կարգավիճակի վերաբերյալ փաստաթուղթը, Ֆրանսիայի քաղաքացու անձնագիրը եւ պահել սահմանային գոտում։ Իսկ առավոտյան Երեւան-Փարիզ չվերթով ուղարկել են Ֆրանսիա։ Շանթ Ոսկերչյանը Հայաստան էր եկել մայիսի 30-ին Հիմնադիր խորհրդարանի նախատեսված հանրահավաքին մասնակցելու համար, իսկ մայիսի 31-ին պատրաստվում էր վերադառնալ Ֆրանսիա։ Շանթ Ոսկերչյանի նկատմամբ այս երեւույթը, ըստ Հիմնադիր խորհրդարանի անդամի, նույնպես ուղիղ հակադարձումն է «Արի տուն» ծրագրին եւ ընտրողաբար է մոտենում մարդկանց։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը խոստացել է զբաղվել հարցով։ Մինչեւ մայիսի 30-ը Շանթ Ոսկերչյանը կգա՞ Հայաստան, դեռ պարզ չէ, սակայն փոխանցել է, որ ավելի մեծ ուժով է պայքարելու ռեժիմի դեմ։