Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերահսկիչ պալատի թեման իշխանության համար տաբո՞ւ է (տեսանյութ)

Քաղաքականություն
Lyudmila-Sargsyan

ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն այսօր ԱԺ-ում Գլխավոր դատախազի տարեկան հաշվետվության ժամանակ նշեց, որ իր վրդովմունքն է ուզում հայտնել, որ երկու օր է՝ նրանից ոչ մի բան չեն լսում. «Ստացվում է՝ եթե գաք ու զեկույց չներկայացնեք, մեր կյանքում ոչինչ չի փոխվի: Դուք խուսափում եք ՎՊ նախագահի հանցագործության մասին հայտարարության մասին խոսելուց, դա ոնց որ իշխանության մեջ տաբու է դրված: Իշխան Զաքարյանն ասել է, որ փաստեր է ուղարկել դատախազություն, դուք ասում եք՝ ոչ: Ուզում եմ հասկանալ՝ ով է ձեզնից սուտ խոսում»: Բացի այդ, տիկին Սարգսյանը հետարքրքվեց նաեւ այն դատախազների նկատմամբ քրեական գործերից, որոնք հրահանգավորված վճիռներ են կայացրել: Գլխավոր դատախազը հայտարարեց, որ իրենց տարեկան հաղորդումը դեռ մարտի 31-ին ուղարկվել է ԱԺ, որտեղ ներկայացված են ոչ միայն թվեր, այլեւ դրանց հիմնավորումները. «Այդ պատճառով իմ ելույթն այնպես եմ կառուցել, այն հույսով, որ պատգամավորները կծանոթանան հաղորդմանը, իսկ ես միայն տրամաբանությունն ու հիմքերը կներկայացնեմ: Մենք ՎՊ-ից որեւէ հաղորդում չենք ստացել, սակայն դա չի նշանակում, որ դատախազությունն անգործություն է ցուցաբերում՝ երկու քրեական գործ եմ հարուցել՝ երկու տարվա մեջ՝ առանձին-առանձին: Եթե մենք մամուլի ասուլիսներ չենք տալիս, դա դեռ չի նշանակում, որ որեւէ բան չենք անում: Տիկին Սարգսյան, ես երբեւէ չեմ խուսափում որեւէ հարցից»: Ինչ վերաբերում է կարգազանց դատախազներին, ապա Գեւորգ Կոստանյանը հայտարարեց, որ չի պատրաստվում որեւէ անուն հրապարակել, այլ միայն կարող է ասել, թե քանիսն են նրանք»: Լյուդմիլա Սարգսյանը ցանկացավ արձագանքել, մինչ այդ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փորձեց կատակել. «Ուզո՞ւմ եք արձագանքել: Բա գոռգոռում էիք տեղից: Արձագանքեցիք էլի»: Տիկին Սարգսյանը խոսեց՝ ասելով, որ իր  մոտ այն տպավորությունն է, թե դատախազը թեկնածուական թեզ է պաշտպանում. «Բացի այդ, այն տպավորությունն է, որ Գլխավոր դատախազությունում մի մեծ տակառ կա, որտեղ թափվում են բոլոր գործերը, որ այլեւս դուրս չեն գալու: Ինչպես ասում են՝ տերովին տերն է տարել, անտերին՝ գելը. քաղաքացին գիտի՝ եթե տեր չունի, ապա միեւնույնն է՝ պարտվելու է դատարանում»: Դատախազը պատասխանեց նրան՝ ասելով. «Ես վաղուց եմ գիտությունների թեկնածու, իսկ իմ խոսքը փորձում եմ կառուցել այնպես, որ իրավաբան չլինելով հանդերձ՝ բոլորը հասկանան: Ես փորձում եմ, որ խոսքս հրապարակային ու մատչելի լինի, որ հասկանալի լինի ձեզ, ժողովրդին: Ես պատասխանում եմ ձեր հարցին, այլ հարց է՝ իմ պատասխանները ձեզ հաճելի են, թե ոչ, դա ձեր խնդիրն է, տիկին Սարգսյան: Եթե ես սկսեմ իրավաբանական տերմիններով խոսել, օրերով կսկսեք պրպտել, թե ինչ եմ խոսել: Իսկ տակառի պահով՝ որեւէ հիմք չուենք, ու ասեկոսեների հիման վրա նման հիմնավորումներ պետք չէ անել.  ես ձեր տեղը լինեի, այդպես չէի վարվի»: