Ահազանգ՝ քաղաքական հալածանքների ենթարկվող քաղաքացիների առկայության մասին
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հաղորդագրությունը Հայաստանում ստալինիզմի մեթոդներով իրականացվող բռնապետական կառավարման և այդ մարտահրավերը չեզոքացնելու գործնական նախաձեռնության մասին Հիմնադիր խորհրդարանի նախաձեռնությամբ 2015 թ. մայիսի 18-ին կազմակերպված «Քաղաքական հետապնդումները և ստալինիզմի ուրվականը Հայաստանում» թեմայով կլոր սեղան-քննարկմանը մասնակցեցին քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, իրավապաշտպաններ, փորձագետներ, մշակույթի գործիչներ, վերլուծաբաններ, փաստաբաններ և լրագրողներ: Քննարկման ընթացքում մասնակիցները դիտարկեցին Հայաստանում քաղաքական հետապնդումների համակարգի միջոցով պետական իշխանության իրականացման մարտահրավերը ազգային անվտանգության և մարդու իրավունքների պաշտպանության տեսակետներից, տարաբնույթ կարծիքներ հայտնեցին մեթոդների և ձեռագրի առումով այդ մարտահրավերի և ստալինիզմի ընդհանրության, ինչպես նաև ներկայիս բռնությունների առանձնահատկությունների վերաբերյալ: Մասնակիցների մեծ մասը հաստատեցին, որ անհրաժեշտ է գործուն միջոցներ ձեռնարկել մեր երկրի և ժողովրդի կյանքում ստալինյան ամբողջատիրության ժառանգությունը բացահայտելու և հաղթահարելու, ներկայումս նորօրյա ձևերի մեջ դրսևորվող ու հետզհետե արմատավորվող դրա սպառնալի մարտահրավերը չեզոքացնելու, մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները երաշխավորելու, այդ թվում՝ քաղբանտարկյալների ազատ արձակմանը հասնելու և քաղաքական հետապնդումների ենթարկվողների իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով: Անկախ իրավիճակի վերաբերյալ գնահատականներից, բոլոր մասնակիցները ահազանգով փաստեցին Հայաստանում տասնյակ քաղբանտարկյալների և տարբեր ձևերով քաղաքական հալածանքների ենթարկվող հազարավոր քաղաքացիների առկայության մասին՝ կարևոր համարելով հրատապ միջոցներ ձեռնարկել նրանց իրավունքների պաշտպանության նպատակով: