Ոստիկանության ներկայացուցիչը կաշկանդվում է «ֆոտոներից ու սպիշկաներից» (տեսանյութ)
Armenia Today կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված գործերի թիվն ավելացել է եւս մեկով՝ դառնալով 8։ Վարչական դատարանում այսօր լսվում էր ոստիկանության նոր հայցը։ Ըստ դրա՝ հունվարի 15-ին Գլխավոր դատախազության դիմաց՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Պերմյակովին Հայաստանի օրենսդրությամբ դատելու պահանջով ակցիայի ժամանակ Կիվիրյանը չի կատարել ոստիկանի օրինական պահանջը։ «Ոստիկանների պահանջը այն էր, որպեսզի դատախազության դիմաց չիրականացնեմ բողոքի ակցիա։ Որեւէ օրինական պահանջ ինձ չի ներկայացվել»,- ասաց Արգիշտի Կիվիրյանը։ Այսօրվա դատական նիստը շատ կարճ տեւեց։ Պատասխանող կողմը հակընդդեմ հայց ներկայացրեց ոստիկանությանը։ «Դա վերաբերում է ոստիկանության գործողությունները ոչ օրինաչափ ճանաչելուն։ Ոստիկանությունը իրականացրել է միջամտություն, օրինական ոչ մի պահանջ չի ներկայացրել։ Խախտվել է վերջիններիս հավաքին մասնակցելու իրավունքը»,- նշեց պատասխանող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը։ Հաջորդ նիստի օրվա եւ ժամի մասին կտեղեկացվի լրացուցիչ։ Ի դեպ, դատական նիստի հենց սկզբում դատավոր Ալեքսանդրա Հարությունյանը արգելեց տեսանկարահանել եւ լուսանկարահանել նիստը։ Որոշման հետ համաձայն էր հայցվոր կողմի ներկայացուցիչ, ոստիկանության փոխգնդապետ Սոնա Մելիքյանը։ Ոստիկանության ներկայացուցչի խոսքերով՝ տեսանկարահանման ու լուսանկարելու պայմաններում ինքն իրեն կաշկանդված է զգում ու երբ նման նյութերը հայտնվում են սոցիալական կայքերում, օգտատերերը սկսում են մեկնաբանություններ թողնել՝ թիրախավորելով իր անձը, այլ ոչ որպես ոստիկանության ներկայացուցիչ. «Զերծ մնալով լայքերից ու որակումներից՝ ես կաշկանդվում եմ, ցանկալի է առանց ֆոտոների, սպիշկաների»,- դատարանում նշեց Սոնա Մելիքյանը։ Արամազդ Կիվիրյանը հակադարձեց. «Պետք է խոչընդոտվի խոսքի ազատությունը, ինչ է թե՝ ոստիկանության հարգելի ներկայացուցիչը վախենում է իր նկարի տակ դիսլայք հայտնվի, սա չի տեղավորվում իրավական հարթության մեջ»։ Արգիշտի Կիվիրյանը ավելացրեց՝ եթե ոստիկանության փոխգնդապետը այդքան ցավագին է տանում կերպարի շահարկումը, ուրեմն պետք է գործեն օրինական դաշտում։