«Որքան ակտիվանա ընդդիմադիր դաշտը, այնքան կուժեղանա». Արմեն Մարտիրոսյան (տեսանյութ)
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, «Ալյանս» կուսակցության համագումարի ժամանակ լսելով Տիգրան Ուրիխանյանի խոսքը ու ծանոթանալով նորաստեղծ ուժի ծրագրային դրույթներին, եզրակացրել է. «Մոտեցումները համահունչ են այն խնդիրներին, որոնք առկա են երկրում։ Այս ամենը հնարավորություն է ընձեռում նոր ուժի հետ համագործակցության եզրեր գտնել»։ Արմեն Մարտիրոսյանը Տիգրան Ուրիխանյանի հետ շփվել է եռյակի շրջանակում։ Հիշում է, որ այն ժամանակ էլ էր մտածում համակարգային փոփոխությունների մասին։ Քաղաքական իրարանցումից հետո նրա կարծիքի անփոփոխ մնալը վստահություն է առաջացնում «Ժառանգության» փոխնախագահի մոտ. «Համենայնդեպս, դուք լսեցիք, թե ինչն է իր համար առաջնահերթ՝ պարկեշտությունը եւ կրթությունը, կարծում եմ` կառավարման մեջ դա կարեւոր գործոն է, այն այսօր հետին պլան է մղվել»։ Իսկ արդյո՞ք մրցակից չի դառնա «Ալյանս»-ը «Ժառանգության» համար գալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ. «Ես որեւէ ընդդիմադիր ուժի երբեք մրցակից չեմ համարել ու չեմ համարի, ես ունեմ միայն մեկ մրցակից` դա իշխանությունն է։ Ընդդիմադիր ուժերը չեն, որ երկրում իրականացնում են կոռուպցիա, նրանք չեն երկրում անարդարության գաղափարը ամենօրյա ռեժիմով ներմուծում։ Որքան ակտիվ խաղացողներ լինեն ընդդիմադիր դաշտում, այնքան ուրախ կլինեմ, քանի որ դաշտը կուժեղանա»։