«Թալան էլ է եղել, իհարկե, դա մի հոգով չի եղել»
Համաշխարհային բանկը շահագրգռված չէ «Նաիրիտ»-ի վերագործարկման համար, քանի որ ԱՄՆ-ը եւս արտադրում է կաուչուկ,ուստի չի ցանկանա, որ կաուչուկը հանվի միջազգային շուկա։ Անդրադառնալով Համաշխարհային բանկի նախնական այն եզրակացությանը, թե նպատակահարմար չէ վերագործարկել «Նաիրիտ»-ը՝ նշեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։ «Նաիրիտի» վերագործարկվելու դեպքում, ըստ Վազգեն Սաֆարյանի, կարելի է 17 մլն դոլարի շահույթ ապահովվել։ «Կաուչուկի բազայի վրա կարելի է ստեղծել օպտիկական սարքերի համար անհրաժեշտ սոսինձներ: Տարվա ընթացքում կարելի է արտադրել 500 կգ սոսինձ ։ Շատ պահանջված է Ռուսաստանում եւ կիրառվում է հատկապես ռազմական զենքերի մեջ».- նշեց Վազգեն Սաֆարյանը։ ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանի խոսքերով՝ «Նաիրիտ»-ի հարցում ֆինանսատնտեսական եւ տեխնիկական վերլուծություններ պետք է արվեն եւ արվում են։«Կառավարությունը, վարչապետը, նախարարները, համապատասխան մասնագետները Նախագահի վերահսկողությամբ փնտրտուքի մեջ են, որպեսզի լուծում տրվի հարցին»,- ասաց Լեռնիկ Ալեքսանյանը։ «Նաիրիտ»-ի այսօրվա վիճակի համար ԱԺ հանրապետական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը չի մեղադրում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին. «Թալան էլ է եղել, իհարկե, դա մի հոգով չի եղել։ Ես հիմքեր չունեմ, որեւէ մեկին մեղադրանք առաջադրեմ»։ Նրա խոսքերով՝ այնպիսի մարդ չկա, ով հնարավորության դեպքում վերագործարկել «Նաիրիտ»-ը։ «Շատ օպտիմիստ եք»,- արձագանքեց Լեռնիկ Ալեքսանյանի խոսքին սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։Իսկ Լեռնիկ Ալեքսանյանը եւս մեկ անգամ նշեց, որ թե իշխանությունը եւ թե կառավարությունը շահագրգռված են «Նաիրիտ»-ի խնդիրը լուծել՝ խնդրելով չքաղաքականացնել հարցը։