Ցանկացած քաղաքական ուժ մրցակից է. ՀՅԴ պատգամավոր (տեսանյութ)
«Նորմալ եմ համարում դա, իսկ թե ինչ դիրք կգրավի, կյանքը ցույց կտա»,- ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսպես է գնահատում «Ալյանս» կուսակցության նորընտիր նախագահ Տիգրան Ուրիխանյանի հայտարարությունը, որ իրենք դիրքավորվում են ընդդիմադիր դաշում. Արդյո՞ք մրցակից է նորաստեղծ կուսակցությունը ՀՅԴ-ին հարցին պարոն Մինասյանը պատասխանեց. «Ցանկացած քաղաքական ուժ մրցակից է, անկախ նրանից ընդդիմադիր է , թե իշխանական։ Բայց ցանկացած կուսակցության նպատակը պետք է լինի որակյալ քաղաքական ծառայություն մատուցումը հանրությանը եւ միայն այդ ծառայությունների մատուցման փաթեթով դու կարող ես դառնալ լավագույնը կամ լավագույններից մեկը դաշտում»։ «Ա1+»-ի հարցին, թե արդյո՞ք «Ալյանս»-ը հավակնում է քաղաքական սերնդափոխություն անելուն ՀՅԴ պատգամավորը պատասխանեց. «Դժվար է ասել, դա կախված է նրանից, թե ծրագրերը ինչ մակարդակով կիրականացվեն։ Եթե իրականացման շրջափուլում այս կուսակցությունը չառաջնորդվի նեղ, խմբային շահերով, այլ դիտարկի՝ համընդհանուր, համահայկական ռեսուրսների առաջ մղելու մոտեցմամբ, կարծում եմ՝ կարող է հավակնել սերնդափոխության»։ Ինչ վերաբերում է Տիգրան Ուրիխանյանի առաջարկին՝ համագործակցել ընդդիմադիրներ կուսակցությունների հետ, պարոն Մինասյանը արձագանքեց. «Մենք բաց ենք եւ պատրաստ»։