Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պերմյակովը գործել է դիտավորության սկզբունքով. փաստաբան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
gyumri7

Գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության գործով ստացվել են արդեն մի քանի փորձաքննությունների արդյունքներ։ Մասնավորապես Ավետիսյանների իրավահաջորդ-փաստաբան Լուսինե Սահակյանը ներկայացրեց՝ դեպքի օրը զոհերից ով ինչ դիրքում է գտնվել սենյակներում և ինչ գործողություններ են նրանցից յուրաքանչյուրը փորձել կատարել։ «Մասնավորապես դատաքննական և դատաբժշկական փորձաքննությամբ հայտնի է դարձել, որ Սերյոժա Ավետիսյանը փորձել է ինքնապաշտպանվել։ Նա ձեռքով հասցրել է բռնել հրազենը, սակայն հրազենի կոթով հարվածներ է ստացել գլխին, այնուհետ 12 կրակոց է արձակվել նրա ուղղությամբ։ Հասմիկ Ավետիսյանն, ով այդ պահին Սերյոժայի հետ գտնվել է նույն սենյակում, հասցրել է միայն պառկած դիրքից ուղղվել և նստել անկողնու մեջ։ Արաքսյա Պողոսյանին ևս բութ գործիքով հասցվել են վնասվածքներ, երբ նա պառկած դիրքում փորձել է կրծքով պաշտպանել փոքրիկներից մեկին»,-տեղեկացրեց Լուսինե Սահակյանը։ Ավետիսյանների իրավահաջորդ-փաստաբան Միհրան Պողոսյանն էլ շեշտեց, որ հրազենի փողի ուղղությունն աննշան տատանումներով եղել է հորիզոնական դիրքով, այսինքն՝ ըստ դրա պարզ է դառնում, որ վերևից ներքև կրակոց չի արձակվել։ «Սա հստակ ցույց է տալիս, որ սպանություններն եղել են դիտավորությամբ, հանկարծակիության տարբերակը չի կարող լինել»,-ասում է նա։ Իրավահաջորդ-փաստաբան Երեմ Սարգսյանն էլ անդրադարձավ դատաձգաբանական փորձաքննությունների արդյունքներին, ըստ որոնց՝ Վալերի Պերմյակովի ԴՆԹ-ն հայտնաբերվել է ոչ միայն արձակված փամփուշտների վրա, այլև պարկուճում եղածների։ Հայտնաբերվել է նաև ծխախոտի ծխուկ, որը ևս եղել է Պերմյակովինը, ինչպես նաև հագուստները, զինվորական երկարաճիտ կոշիկները , օպտիկական ոսպնյակներ, բոլորը պատկանել են Պերմյակովին։ Փաստաբանները, սակայն, այս ամենով հանդերձ շեշտում են, որ չեն կարող բացառել այն հանգամանքը, որ դեպքի օրը Պերմյակովը միայնակ չի եղել։ Բայց բոլոր փաստերն ուսումնասիրելով եկել են այն եզրակացության, որ գործող անձն եղել է մեկը։ Չնայած այս ամենին, փաստաբանները հայտնում են, որ կան դեռևս չպարզաբանված հարցեր, որոնք ճշտելու համար նշանակվել է լրացուցիչ համալիր քննություն՝ բոլոր մանրամասները պարզելու համար։ Փաստաբանների տեղեկացմամբ՝ մինչ օրս ոչ ռուսական, ոչ հայկական կողմին հայտնի չեն հանցագործության դրդապատճառները, սակայն պատկերն ամբողջացնելով կարող են ասել, որ Պերմյակովը գործել է դիտավորության սկզբունքով։