Պահանջատիրության մեկնարկը տրված է (տեսանյութ)
Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը կարծում է, որ Սիսի կաթողիկոսարանի պահանջը թուրքական կառավարությանը՝ եկեղեցական գույքը հետ վերադարձնելու մասին, միայն սկիզբն է պահանջատիրության։ «Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի կողմից նման պահանջով ներկայանալը Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ միայն սկիզբն է Թուրքիային պահանջներ առաջադրելու գործընթացում։ Մեծ է հավանականությունը, որ թուրքական դատարանը կմերժի հայցը, սակայն ճանապարհը դեպի Եվրոպական դատարան բաց է, և այս իմաստով սա շրջադարձային կարող է լինել»,- նշում է պատմաբանը։ Պատմաբանը գտնում է, որ ապրիլի 28-ին Թուրքիայի Սահմանադրական դատարան ներկայացված հայցը այն բանի հավաստումն է, որ ապրիլի 24-ով ոչինչ չի ավարտվում. «Տարիներ առաջ Անթիլիասում տեղի ունեցած ժողովում կայացվեցին շատ կարևոր որոշումներ, որոնք լավ հիմք դրեցին, որ հայությունն ի վերջո պահանջներ առաջադրի Թուրքիային։ Հայկական սփյուռքն առանձին չի կարող դատական պրոցեսի մեջ մտնել Թուրքիայի հետ, քանի որ այն միջազգային իրավունքի սուբյեկտ չէ։ Այս պարագայում Հայաստանն ինքը պետք է ողջ հայության շահերի ներկայացնողը լինի»։ Արմեն Մարուքյանը համարում է, որ Թուրքիայի դեմ «մեծ դատական գործընթաց» սկսելու համար առկա է լավ իրավական հիմք՝ ի դեմս Լոզանի պայմանագրի, ըստ որի՝ Թուրքիան պարտավորություններ էր ստանձնել հայության նկատմամբ։