«Բեռլինում քոչարի էին պարում ոչ միայն մեր հաղթանակի համար» (տեսանյութ)
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը այսօր Հաղթանակի զբոսայգում, Հայրենական մեծ պատերազմի վետերանների հետ միասին մասնակցում էր տոնական հյուրասիրությանը։ Այն հատուկ կազմակերպվել էր զինվորական վրաններում։ Սպասքը եւ ուտեստները նույնպես զինվորական էին։ Տիկին Նաղդալյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ հպարտանում է այսօր այստեղ հավաքված վետերաններով ու նրանց կատարած սխրագործություններով. «Այս հաղթանակի դերը մեր պատմության մեջ շատ կարեւոր է, քանի որ Եղեռն տեսած հայ ժողովուրդը բռունցքվեց եւ որպես իր գոյության կռվի մասնակցեց Հայրենական մեծ պատերազմին ու հաղթեց։ Բեռլինում քոչարի պարող մեր տղաները պարում էին ոչ միայն մեր հաղթանակի համար, այլ նաեւ բազմաթիվ զոհերի հիշատակի համար, մարդկանց կորուստները ոգեկոչելու համար»։ Հերմինե Նաղդալյանը առանձնակի ոգեւորված է այսօր, իր պապը նույնպես պատերազմի մասնակից է եղել։ 1943 թվականին զոհվել է. «Իմ տատիկի այդ սրբությամբ վերաբերմունքը անցել է մեր սերունդներին։ Այդ արմատները ու դաստիրակությունը, որ մեր մեջ գցել են մեր պապերը, երեւաց, երբ հայ զինվորները հաղթանակ բերեցին Արցախյան ազատամարտում»։ Հարցին, թե ըստ արժանվույն գնահատվո՞ւմ են արդյոք վետերանները Հայաստանում, ԱԺ փոխնախագահը ասաց. «Մեր վետերանների համար ինչ էլ անենք, բավարար չէ։ Ամենակարեւորը՝ ուշադրությունն ու հարգանքն է, որը անպակաս է, եւ մեր ժողովրդի, եւ մեր իշխանության կողմից։ Իհարկե մենք այսօր կարիք ունենք ավելի հոգատար ավելի ուշադիր, ավելի բարեկեցիկ կյանք ապահովելու նրանց, որովհետեւ այնուամենայնիվ մեր երկրում բազմաթիվ սոցիալական խնդիրներ կան»։