«100 տարի է անցել, բայց ռուսներն իրենց արխիվները փակ են պահում». Ա. Վիրաբյան (տեսանյութ)
Խորհրդային միության շատ հանրապետություններում եղել են ֆաշիստական իշխանությանը ներկայացնող ծաղրանկարներ, բայց միայն մեր երկրինն է պահպանվել։ «112 ծաղրանկարից միայն մեկը չունենք։ 1-ին համաշխարհայինի օրերին Հայկական հեռագրական գործակալության ցուցափեղկին ամեն շաբաթ փակցրել են այդ ծաղրանկարները, հակահիտլերյան, հակաֆաշիստական այդ նկարները, որոնք հայ նկարիչների աշխատանքներն են։ Եվ ամբողջ ժողովուրդը հավաքվել է դիտելու և այդ ծանր օրերին գոնե մի փոքր ուրախանալու»,-պատմում է ՏԿԱԻՆ ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը։ «Արմենպրես» գործակալության տնօրեն Արամ Անանյանի հետ հրատարակել են ծաղրանկարները՝ հեղինակների մասին տվյալներով։ Ազգային արխիվի տնօրենը շեշտել է, որ Համաշխարհային պատերազմի վերաբերյալ ռուսական արխիվներում շատ նյութեր կան, բայց թեև արդեն 100 տարի է անցել, արխիվները փակ են, փաստաթղթերը գաղտնի են պահվում։ «Ինձ համար էլ են փակ դրանք»,-նշել է պարոն Վիրաբյանը։ Անդրադառնալով պատմության էջերին, նա նշել է, որ հնարավոր է՝ ռուսները չգրավեին Բեռլինը։ «Ամերիկացիներն ավելի շուտ կարող էին գրավել Բեռլինը, բայց ամերիկյան զորքերի հրամանատար Էյզենհաուերը հաշվարկ է արել, որ Բեռլինը գրավելու համար պետք է 900.000 ամերիկացի երիտասարդ զոհվի, և ասել է. թող ռուսները գրավեն, ես չունեմ 900.000 երիտասարդի կյանք»,-նշել է պարոն Վիրաբյանը։ Իսկ Ստալինի համար, ասում է՝ դա խնդիր չէր։ «Ովքեր գերի էին հանձնվում այն ժամանակ, ընտանիքներին ուղարկում էին Սիբիր։ 1942 թվականին 228 նման հրաման է տվել Ստալինը։ Սրանք փաստեր են, որոնք մինչև հիմա բացահայտված չեն»,-հայտարարում է Ազգային արխիվի տնօրենը։ Ըստ նրա՝ դժվար է ասել, թե ինչ կլիներ, եթե ոչ թե Ռուսաստանը, այլ Ֆաշիստական Գերմանիան պատերազմում հաղթեր։ Պատմությունը եթե-ներ չի սիրում։ Պարոն Վիրաբյանը նաև հայտնել է, որ ռուս գործընկերների հետ «Կովկասյան ռազմաճակատ» ժողովածուն են պատրաստում, որը լույս է տեսնելու 2018 թվականին՝ ռուսերենով։ «Այդտեղ ներառելու ենք ռուսական արխիվներում եղած ցեղասպանության փաստաթղթերը, դա ինձ խոստացել են։ Այս դեպքում ինձ չեն կարող ասել չէ, որովհետև ես լավ գիտեմ՝ ինչ կա այնտեղ»,- եզրափակել է Ազգային արխիվի տնօրենը։