Պ. Հայրիկյանը կգնա Լատվիա ու կշեշտի, որ հայերը եվրոպամետ են (տեսանյութ)
Մայիսի 9-ին Հայրենական պատերազմի օրը նշելը ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այնքան էլ ճիշտ չի համարում, բացի այդ, կարծում է, որ դա հայրենական չէր: «Դա մեր հայրենիքը չէր: 1991-ին մենք ոչ ասացինք այդ պետությանը և անկախություն ձեռք բերեցինք»,-շեշտել է նա: Մայիսյան եռատոնին մասնակցելու համար պարոն Հայրիկյանը հրավիրված է ԼՂՀ, բայց չի կարողանալու գնալ. «Առաջին անգամ Արցախի ղեկավարությունից զանգ եմ ստացել երեկ և հարցնում էին, թե մի՞թե չեմ կարող գալ»,- պատմել է նա: Շեշտել է, որ Հայաստանից հրավիրված է նաև հայտնի այլախոհ Վարդան Հարությունյանը, ինչը նույնպես իր համար զարմանալի է: Տոներին ԱԻՄ առաջնորդը չի կարող մասնակցել, քանի որ մեկնում է Լատվիա: Մտադիր է շփվել այնտեղի լրագրողների հետ և շեշտել այն հանգամանքը, թե հայերը եվրոպամետ են: Պարոն Հայրիկյանը նշել է նաև, որ Հիմնադիր խորհրդարանի անդամներից շնորհակալական զանգ է ստացել՝ իրենց ձերբակալության և դրա շուրջ եղած հարցերի կապակցությամբ սկզբունքային լինելու համար: ԱԻՄ առաջնորդը Լատվիայում է լինելու գլխավորապես բուժման նպատակով: Մինչև հիմա չի ներում կառավարությանն ու իշխանությանը, որ իր բուժման համար համապատասխան ֆինանսական միջոցներ չի պահանջել մահափորձը կատարողներից: Բայց գոհ է, որ կառավարությունն ինքը ֆինանսավորեց իր բուժումը, թեև շեշտում է, որ ինքը վերջին տարիներին մի քանի անգամ ավելի է տվել պետությանը: «Ես կարող էի բելգիական, ամերիկյան գումարներով բուժում ստանալ: Բայց դա աշխարհում ընդունված պրակտիկա է, որ նման դեպքում պետությունն է ֆինանսավորում: Շնորհակալ եմ նաև բազմաթիվ բժշկական հաստատությունների, հատկապես՝ Կարմիր խաչին, որ գրեթե անվճար ամիսներ շարունակ իրականացրել են իմ բուժումը»,-նշել է պարոն Հայրիկյանը: Գործիչը նաև շեշտել է, որ իր ասածն ուղղված չէ Սեդրակյանի դեմ, որը ձերբակալված է՝ իր մահափորձը կատարելու համար, այլ պատվիրատուների դեմ է: Իսկ գործի առնչությամբ նշել է,թե իրավապահները գործը շատ գեղեցիկ բացահայտեցին, դրա մասին խոսք չկա, բայց չցանկացան շարունակել այն՝ կատարողներից ու պատվիրատուներից գումար պահանջելու առումով. «Եթե գումար չեն պահանջում, նշանակում է՝ հովանավորում են ահաբեկիչներին»: