Հակոբ Հակոբյանի դեմ իշխանությունն ըմբոստացավ ֆիլմի պատճառով. իրավապաշտպան
Աշխարհի ամենալավագույն իրավաբանն անգամ չէր կարող ապացուցել, որ Հիմնադիր խորհրդարանի անդամները բռնության կոչեր էին անում եւ պատրաստ էին զանգվածային անկարգության։ «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Ավետիք Իշխանյանը։ Նրա խոսքերով՝ շատ հաճախ փորձեր էին արվում Հիմնադիր խորհրդարանի անդամներին ներքաշել ընդհարման մեջ, սակայն չէր ստացվում։ «Չգիտեին՝ ինչ անել եւ այս դեպքում գործեց ոչ թե օրենքը, այլ խոսեց իշխանության կամքը՝ Հանրապետության նախագահի կամքը։ Հայաստանում չկա իշխանության տարանջատում։ Հատուկ Քննչական ծառայությունը, որը գործը հարուցեց եւ դատարանը, որը նրանց նկատմամբ կալանքը կիրառեց որպես խափանման միջոց, սրանք նույն մարդու կողմից նշանակված անձինք են եւ կատարում են այդ մարդու կամքը։ Նրանց նախագահի կամքով մեկուսացրեցին»,- ասաց իրավապաշտպանը։ Հիմնադիր խորհրդարանի 5 անդամները, նրա կարծիքով, ազատ արձակվեցին նաեւ հեղինակավոր «Human Rights Watch» Մարդու իրավունքների պաշտպան կազմակերպության հայտարարությունից հետո։ «Եւ նրանց ինչ -որ ձեւ պետք էր ազատել։ Նույն հանրապետության նախագահը հանձնարարություն տվեց իրավապահ կառույցներին, դատախազությանը, որ ինչ-որ ձեւ գտեք նրանց ազատելու եւ գտնվեց։ Այստեղ գործում էր ոչ թե օրենքի իրավունքը, այլ քաղաքական կամքը վատ իմաստով եւ քաղաքական կամքին կուրորեն ենթարկվող մարմիններ, որոնք չակերտների մեջ անկախ են»,- հիշեցնում է Ավետիք Իշխանյանը։ Ինչ վերաբերում է ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին ստորագրությամբ ազատ արձակելուն, ապա իրավապաշտպանի խոսքերով, սա այն դեպքը չէր, որ իշխանությանը վտանգ սպառնար։ «Բայց ինչ- որ տեղ ըմբոստացավ։ Ըմբոստացավ այն իմաստով, որ ցեղասպանության միջոցառումներին պատրաստվելու իրենց պլանների մեջ կարող էր մտնել մի չնախատեսված քայլ՝ նրա նկարած ֆիլմը։ Ամեն դեպքում նա յուրային էր եւ ձեռնտու էր նրան բաց թողնել»,- եզրափակեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։