«Չհամարձակվեք զարթոնքի տարիների վրա կեղտ գցել». Ա. Մանուկյանը՝ Նաիրիտի ու ատոմակայանի գործարքների մասին (տեսանյութ)
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ելույթ չէր ունենա ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման համաձայնագրի վերաբերյալ, սակայն ստիպված է. «Ես ինձ խոստացել էի, որ բոլոր նրանք, որոնք իշխանական ցուցակներով իշխանություն են գովերգում ու պարտավորվածություն ունեն ընդդիմությանը քննադատելու. ես նրանց չեմ պատասխանելու: Սակայն այսօր այդ խոստումս խախտում եմ, քանի որ արդեն որերորդ անգամ փորձում են ՀՀՇ-ի վրա ստվեր նետել, կեղծում են իրականությունը, պատմությունը: Պատմության դասագրքերն ամբողջովին լցված են կեղծիքներով` ղարաբաղյան շարժման նկատմամբ, Անկախության նկատմամբ թերարժեքության, անվստահության, անհավատության, Սովետ գովերգելու, Անկախության արժեքը փնովելու քաղաքականություն է գնում: Ես պարտավոր եմ իմ կենսագրության լավագույն տարիները, իմ կուսակցության լավագույն տարիները, ձեռքբերումների լավագույն տարիները պաշտպանել այդպիսի ելույթներից»: Ըստ նրա` ցավալի է, որ այդ կեղծիքը արվում է մարդկանց կողմից, որոնք եղել են իրենց իշխանության ժամանակ, պաշտոններ են գրավել, գովերգել են, մասնակից են եղել, ծրագիր են իրականացրել. «Ըստ նրանց` աշխարհը շուռ է եկել այն պահից, երբ պաշտոն չեն զբաղեցրել: Դա ինքնամերժում է, դա սեփական կենսագրության մերժում է: Եթե Վազգեն Մանուկյանը իշխանության կողմ է, իսկ Հրանտ Բագրատյանը ընդդիմադիր է, հարկավոր է այնպես անել, որ Հրանտը սխալ էր, Վազգենը` ճի՞շտ: Եկեք օրվա թելադրանքով չասենք` ով է ճիշտ, ով` ոչ»: Նշենք, որ ՀՀԿ պատգամավոր, ՀՀՇ կառավարման տարիներին վարչապետ Խոսրով Հարությունյանն իր ելույթում հայտարարել էր, որ ատոմակայանն ու Նաիրիտը փակվեցին ՀՀՇ որոշմամբ: Այս եւ նմանատիպ այլ արտահայտություններն էին վրդովեցրել Արամ Մանուկյանին: Նա նշեց, որ 1989թ. քաղաքական ճնշումն ակնհայտ էր ատոմակայանի ու Նաիրիտի դեպքում. «Ով չգիտի դա: Բայց չասել, որ դա երկրաշարժից անմիջապես հետո էր, երբ մի ամբողջ ազգ ու երկիր ահաբեկված էր երկրաշարժից: Ոնց կարելի է` վարչապետ եղած մարդն այստեղ ասի` միայն ճնշման արդյունքում է փակվե՞լ: Հիմք չկա՞ր փակելու: Ասում եք` «Ղարաբաղ» կոմիտեի ճնշման արդյունքում է դա եղել: «Ղարաբաղ» կոմիտեն այդ ժամանակ նստած էր, պարոն Հարությունյան, եւ շարժումն այդ ժամանակ կանգնած էր, երբ որ Ռիժկովի ստորագրությամբ որոշում կայացվեց»: Ինչ վերաբերում է Նաիրիտին, ապա Արամ Մանուկյանը հիշեցրեց, որ այն, ինչպես եւ ատոմակայանը, միութենական նշանակության հիմնարկներ էին: Ըստ նրա` դրանց փակումը ուղղակի գործիք էր Ղարաբաղի հարցի վրա ճնշում գործադրելու համար. «Ասեք` էդպես չի: Ասեք, ճիշտ»: Այնուհետեւ, նա ընթերցեց 1991թ. ստորագրված ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի փաստաթուղթը, որով երկու խնդիր լուծվեց` Նաիրիտը դարձավ ՀՀ վերահսկողական հիմնարկ, ինչպես նաեւ` ուժը կորցրած համարվեց փակման հրամանը եւ հաստատվեց մինչեւ 1995թ. Նաիրիտի գործարկման ծրագիրը. «Հանուն պատեհության, սեփական բիզնեսի, հանուն բարեկամներին գործի տեղավորելու, ինչքան կարելի է շնորհակալություն ասել ցուցակում ընդգրկվելու համար: Ոչ մեկդ չհամարձակվեք մեր ազատագրական շարժման, զարթոնքի տարիների վրա բիծ գցել, կեղտ գցել: Մեր ժողովուրդը հաղթանակ է տարել, եւ ուզեք, թե չուզեք, դա արվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ղեկավարության ժամանակ: Մասնակցել եք, շնորհակալություն, բայց պատեհությունից ելնելով՝ մի թքեք ձեր եւ մեր անցյալի վրա»: Նրան արձագանքեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը. «Էդ անկախությունն էլ, պետականությունն էլ միայն ձերը չի, եւ քննադատությանը հանգիստ վերաբերվեք, մի բորբոքվեք այդքան»: