«Վերադառնամ Արեւմտյան Հայաստան՝ Հովակիմի եւ Խնկենիի, Գասպարի ու Սիրունի երկիրը»
Հայ ժողովուրդը վերածնվեց ցեղասպանությունից հետո, և 100 տարի անց, մշտապես հավատալով իր երազանքին, քաղաքական օրակարգ է բերում հայրենատիրության անօտարելի իրավունքի իրացումը՝ տարածքային, նյութական և բարոյական վնասների հատուցման պահանջներ ներկայացնելով տարբեր հարթակներում: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների հիմնական փուլն ավարտելով՝ հայ ժողովուրդը մտնում է հայության իրավունքների վերականգնման նոր վճռական փուլ, այն է՝ Թուրքիայի կողմից բռնազավթված մեր հայրենի բնօրրանի ազատագրման, ազատ ապրելու, զարգանալու և ապագա ունենալու Իհարկե, հայ ժողովուրդն իր բնականոն զարգացումն ապահովելու համար պետք է վերահաստատվի իր պատմական հայրենիքում՝ հայկական պետականության ներքո, ինչի իրագործման համար Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը առավել այժմեական է, որից մեջբերում եմ հետևյալ հատվածը. «Այսօր մենք ունենք հարյուր հազարավոր հայ ազգի հայրենակիցներ, որոնք ապրում են Մեծ սարի՝ Անիի ավերակների այն կողմը, եւ մենք մեզ պիտի հարցնենք, թե ի՞նչ ենք անում մեր այդ հայրենակիցների ուղղությամբ: Ինստիտուցիոնալ, այսպես դասական Սփյուռքը եւ պետական Երևանը, պաշտոնական Հայաստանը, իմ կարծիքով, այնքան խրված են իրենց անելիքների մեջ, որ մեկ միլիոնի հասնող հայրենակիցները դուրս են մնացել տեսադաշտից Մալաթիայում, Տիգրանակերտում, Վանում եւ պատմական այլ վայրերում… Արեւմտյան Հայաստանում կան փոքր համայնքներ՝ թրքախոս, քրդախոս, տարրական հայերենի ուսուցչի կարիք կա, ո՞վ պիտի այդ քայլը կատարի…Դրա համար, ես կարծում եմ, որ մենք առաջին հերթին քայլ պիտի կատարենք մինչեւ համալիր, համապարփակ լուծումը Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի միջեւ, որպեսզի հայ մարդը վերամիավորվի իր հայրենիքի հետ, վերամիավորման հնարավորությունը տանք, վերադարձի իրավունք, եւ այդ վերադարձը լինի դեպի ազգային օջախ, որտեղ որեւէ պայման չլինի, որ որեւէ մեկը վայր դնի իր առկա քաղաքացիությունը: Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, ես ընտրել եմ Հայաստանի Հանրապետությունը, հպարտ եմ դրանով եւ բոլոր ցավերով, տառապանքներով, սխալներով հանդերձ: Եվ ես, որ վերադառնամ Արեւմտյան Հայաստան՝ Հովակիմի եւ Խնկենիի, Գասպարի ու Սիրունի երկիրը, ես վայր չպիտի դնեմ իմ քաղաքացիությունը, այնտեղ կրթությունը պիտի լինի հայեցի, այնտեղ համայնքները պիտի վերականգնվեն, մշակութային ժառանգությունը այդ ազգային օջախին պիտի վերադարձվի, այնտեղ պիտի տոնախմբի հայոց ինքնություն՝ Մասիս սարից մինչեւ Մուսա լեռ: ... Կարծում եմ, որ այդ մոտեցումները ենթադրում են նախ իրավական, ժողովրդին պատկանող Հայաստանի Հանրապետություն, որ տակավին չունենք, դա մեկ: Երկրորդ՝ արեւմտահայոց ժառանգորդների հետ համագործակցությամբ իրատես ռազմավարական ծրագիր, որը միտված է հայ մարդու եւ իր հայրենիքի վերամիավորման»: ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն