«Մոխիրների միջից հառնեցինք փյունիկի նման, վերընձյուղվեցինք». ՀՀԿ պատգամավոր
ԱԺ-ում այսօր ՀՀԿ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը հայտարարեց, որ իրեն` որպես գաղթի, Դերզորի դժոխքն անցածների ժառանգ, դուր են եկել Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված բոլոր միջոցառումները. «Բոլորիս տոհմածառի մի ճյուղն այլեւս սրբացած է: Չեմ ուզում ինձ` հայուհուս ճանաչեն, որպես ցեղասպանված ազգի ներկայացուցիչ ու չեմ ուզում, որ մեզ միայն դուդուկով ճանաչեն: Ուզում եմ, որ զուռնով ու կոպալով ճանաչեն: Այսքանը»: Այնուհետեւ, նա հայտարարեց, որ մենք դիմակայել ենք քոչվոր ցեղերին, զավթիչներին ու պահպանել մեր ինքնությունը, պարտվել ենք միայն դավաճանության եւ թշնամու խաղերի պատճառով: Բացի այդ, տիկին Պետրոսյանն ուզում է, որ դասագրքերը հեղեղվեն մեր պատմության փառապանծ ճակատամարտերի էջերով. «Կուզեի առհասարակ բարոյական հաղթանակ բառակապակցությունը մոռացության տրվեր: Մենք գիտենք ինչ բան է հաղթանակը, գիտենք, որ այն հաճախ գցում է ինքնաբավ թմբիրի մեջ: Չի կարելի: Հաղթողը միշտ պետք է պատերազմի պատարաստ լինի, իսկ մեր պատերազմը դեռ չի ավարտվել»: Նրա ելույթից հետո մեկ-երկու ծափ լսվեց դահլիճից: Ոչ պակաս պաթետիզմով առանձնացավ նաեւ ՀՀԿ մեկ այլ կին պատգամավոր՝ Կարինե Պողոսյանի ելույթը: Նրա հայտարարությունը եւս վերաբերում էր Հայոց ցեղասպանության 100-ամյա միջոցառումներին: Նա մասնավորապես ասաց. «Մի ամբողջ հարյուրամյակ է մեզ բաժանում հայոց պատմության մեջ սեւ տառերով գրված ողբերգական օրից: Ամեն տարի ապրիլի 24-ին համայն հայությունը համախմբվում է ու մեկ բունցք դառնում: Այս տարին շատ բան փոխեց հայի հոգեբանության, գաղափարաբանության մեջ` լալկանության, ողբի ու լացի փոխարեն մենք դրեցինք պահանջատիրության խնդիրը»: Նրա խոսքերով` Հայոց ցեղասպանությունը ոչ միայն մեր ժողովրդի ողբերգությունն է, այլ մարդկության դեմ ուղղված հանցագործություն. «Հիմքակազմիչ դեր ունեցավ Ցեղասպանության զոհերի սրբադասման կարգը: Փորձեցին ծնկի իջեցնել մեզ, բայց մենք նույնիսկ մոխիրների միջից հառնեցինք փյունիկի նման, գոյատեւեցինք, վերընձյուղվեցինք, եւ այսօր պահանջատերն ենք արդարության: Անժխտելին անվերջ ժխտելն անհնարին է. Ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չճանաչող ողբերգություն է»: