Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ-ում ծայրահեղ աղքատների թիվը մոտենում է ցեղասպանության զոհերի թվին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ttt

70-ամյա Շուշանիկ Դերոյանի Ցեղասպանություն վերապրած մայրիկի հոգին երկնքում իր տեղը չի գտնի, եթե դուստրը չպատմի նրա չարչարանքների մասին։ Շուշանիկ Դերոյանը պատմում է. «Կոտորել են, ինչ տանջանքներով, մենակ պապիկիս պահել են, հետո խաչ են հանել։ Խաչել են, ասել ա՝ մի բան եմ խնդրում, մի խնդրանք ունեմ, գլուխս դեպի ներքեւ, որ Քրիստոսի նման չխաչվեմ, սրանք մտածել են, որ լեզուն դուրս կընկնի, կծիծաղեն վրան։ Էդպես խաչել են, մի կերպ ուժերը հավաքել ա, ասել ա, ես ձեզ խաբեցի, թուրք շներ, շուտ ա մահը հասնում, երբ որ գլխի վրա ա լինում»։ Ինչեր են տեսել այս կնոջ մոր աչքերը՝ պապիկի խաչելությունը, Ստամբուլից Եգիպտոս ուղեւորվող 1500 մազապուրծ որբերի խորտակման փորձը. «Թուրքը նավը ուզում ա խորտակի, նավապետը մտնում ա տեսնում ա, որ նավն ա փչացնում, որ 1500 որբերը խորտակվեն, ուղղում ա, բայց իր ոտքերը շնաձկներն ուտում են»։ Ամբողջ գերդաստանի լուսանկարները պահպանվել են՝ ողջերի եւ ցեղասպանվածների։ Տիկին Դերոյանը թվարկում է՝ սա մեծ հայրիկս է, սա էլ ամբողջ Եզեկելյանները, ի դեպ, Եզնիկ Կողբացու շառավղից։ Երբ ողջերը Եգիպտոսից հայրենադարձության օրերին վերադարձան Հայաստան, ապրում էին Հայրենիքով, Շուշանիկ Դերոյանը երկու տարեկան էր, մայրիկին հիշում է արդեն Հայաստանում՝ հայ էր ամբողջ ցավով. «Անգամ հայերեն բառերի մեջ թուրքերեն բառեր կան, չէ՞, մաման խիստ-խիստ էր, որ թուրքերեն բառեր չօգտագործենք»։ Տիկին Շուշանիկի ամուսինը՝ 81-ամյա ռումինահայ Սարգիս Ժամկոչյանը փորձում է հասկանալ՝ 100-ամյակն էլ կանցնի, հետո ի՞նչ ենք անելու։ Ինքը առաջարկում է, որ Թուրքիան Հայաստանի 1 միլիոն աղքատներին հովանավորելու միջոցով քավի իր մեղքերը, այստեղ մարդիկ սովից կոտորվում են. «Մենք պարտադրում ենք թուրքերին առայժմս ամեն ամիս 200 դոլար ամեն մի աղքատին վճարել, վճարել որպես թոշակ, որպես առաջին քայլերը եւ կարողանան բուժվեն, լավանան ու մարդ դառնան»։ Տիկին Շուշանիկն ասում է, որ ինքն այլեւս ուժ չունի իր մոր անունից ներելու թուրքերին։ Նրա ամուսինը ներման ճանապարհներ տեսնում է, իր իմացած պատմություններն այդքան սարսափելի չեն, սակայն ի՞նչ կտա ներումը մեզ, եթե Հայաստանում ծայրահեղ աղքատների թիվը մեծ համբերությամբ մոտենում է ցեղասպանության զոհերի թվին։